Նորություններ

Արդիական կրթական միջավայր՝ Գեղամավանի դպրոցում 04.11.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղամավանի Ա․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 346 մլն 23 հազար 747 դրամ։ Դպրոցի վերանորոգումն ու արդիականացումը կարևոր ներդրում են բնակավայրի կրթական ենթակառուցվածքների զարգացման և աշակերտների համար ժամանակակից ու հարմարավետ պայմանների ապահովման գործում։ Կրթական միջավայրի բարելավումը համայնքների ապագայի կարևոր հիմքերից է։ Շարունակելու ենք հետևողական աշխատանքները, որպեսզի Գեղարքունիքի մարզի յուրաքանչյուր բնակավայրում երեխաներն ունենան որակյալ կրթության և լիարժեք զարգացման հավասար հնարավորություններ։

Քաղաքացիների դիմումները՝ կոնկրետ քայլերի հիմքում 04.11.2026
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերն ու մտահոգությունները քննարկվեցին առանձին՝ դիտարկելով դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Կարևորում ենք յուրաքանչյուր խնդրի նկատմամբ անհատական մոտեցումն ու հետագա հետևողական աշխատանքը՝ նպատակ ունենալով հասնել հնարավորինս արդյունավետ և շոշափելի արդյունքների։

Նոր ու բարեկարգ պայմաններ՝ Ծովագյուղի փոքրիկների համար 03.11.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Աշխատանքներն իրականացվում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 175 մլն 427 հազար 852 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 62 մլն 850 հազար ՀՀ դրամ արժեքով։ Մանկապարտեզի վերանորոգումը կարևոր ներդրում է բնակավայրի երեխաների վաղ կրթության և զարգացման համար։ Մեր նպատակն է փոքրիկների համար ստեղծել հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից միջավայր։ Շարունակում ենք քայլ առ քայլ բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ հոգ տանելով նաև մեր ամենափոքր բնակիչների բարեկեցության ու ապագայի մասին։

Բարեկարգ միջավայր՝ Սևանի փոքրիկների համար 03.11.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ, որտեղ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 167 մլն 103 հազար 764 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 78 մլն 900 հազար դրամ արժեքով։ Մանկապարտեզների բարեկարգումն ու արդիականացումը կարևոր նշանակություն ունեն երեխաների առողջ, անվտանգ և լիարժեք զարգացման համար՝ ապահովելով նրանց առօրյայի կազմակերպման ավելի լավ պայմաններ։ Մեր հետևողական աշխատանքների նպատակն է յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել հոգատար ու ժամանակակից միջավայր՝ հենց իր համայնքում։

Մարզի զարգացման օրակարգը՝ կոնկրետ ծրագրերով և առաջնահերթություններով 02.11.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Քննարկման առանցքում մարզի համայնքներում իրականացվող աշխատանքներն էին, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Անդրադարձ կատարվեց համայնքների 2026 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման ընթացքին, քաղաքաշինության, գյուղատնտեսության, ֆինանսական, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև զարգացման ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ Մարզպետը առանձին կարևորեց համայնքներում «Մասնակցային բյուջետավորման» ծրագրի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը՝ առաջիկա երկու տարիներին դրա շրջանակն ու իրականացվող ծրագրերի ծավալներն ընդլայնելու նպատակով։

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի հոկտեմբեր ամսին ծնվել է 122 երեխա 02.11.2026
2026 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 122 երեխա, որից 73-ը՝ տղա, 49-ը՝ աղջիկ: 122 երեխաներից 28-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 59-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։


