Նորություններ
Գեղարքունիքի մարզի համայնքներում ավարտվել են Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի վերաբերյալ իրազեկման աշխատանքները
20.11.2026
Նոյեմբերի 19-ին և 20-ին պետական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ճամբարակ համայնքներում անցկացվել են իրազեկման հանդիպումներ՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման մասին ՀՀ կառավարության որոշման պահանջների վերաբերյալ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, Պարեկային ծառայության, Համայնքային ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող անձանց և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով որոշման դրույթներն ու առաջիկա վերահսկողական միջոցառումների ընթացքը։
Մասնակիցներին տեղեկացվել է, որ 2026 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում կիրականացվեն համատեղ վերահսկողական միջոցառումներ։ Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կուժեղացվի վերահսկողությունը լճում և հարակից ճանապարհներին, լճից դուրս կբերվեն ապօրինի ձկնորսության համար օգտագործվող լողամիջոցներն ու որսագործիքները։ Ստուգայցեր կիրականացվեն նաև Երևանի և մարզերի շուկաներում՝ սիգի և սիգի ձկնկիթի ապօրինի վաճառքը կանխարգելելու նպատակով։
Ձկնորսներին հորդորվել է մինչև նոյեմբերի 21-ը Սևանա լճից դուրս բերել բոլոր լողամիջոցներն ու որսագործիքները։ Միաժամանակ ընդգծվել է, որ նոյեմբերի 20-ից հետո լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի նպատակը սիգի բնական վերարտադրության ապահովումն է, ձկնային պաշարների վերականգնումն ու լճի կենսաբազմազանության պահպանումը։






