Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ՝ Գեղարքունիքի մարզի համայնքներում

19.11.2026


Նոյեմբերի 19-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում մեկնարկել են իրազեկման հանդիպումներ՝ կապված Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հետ։
Առաջին հանդիպումն անցկացվել է Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում՝ արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող անձանց մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Նրանք ներկայացրել են կառավարության որոշման հիմնական դրույթները՝ տեղեկացնելով, որ 2026 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում կիրականացվեն համատեղ վերահսկողական միջոցառումներ՝ սիգի ձվադրման ժամանակահատվածում դրա բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։
Միջոցառումների շրջանակում կուժեղացվի վերահսկողությունը Սևանա լճում և հարակից ճանապարհներին, լճից դուրս կբերվեն ապօրինի ձկնորսության համար օգտագործվող լողամիջոցներն ու որսագործիքները։ Ստուգայցեր կիրականացվեն նաև Երևանի և մարզերի շուկաներում՝ սիգի և սիգի ձկնկիթի ապօրինի վաճառքը կանխարգելելու նպատակով։
Ձկնորսներին հորդորվել է մինչև նոյեմբերի 21-ը լճից դուրս բերել բոլոր լողամիջոցներն ու որսագործիքները։ Միաժամանակ տեղեկացվել է, որ նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Իրազեկման հանդիպումները կշարունակվեն Մարտունի, Վարդենիս, Սևան և Ճամբարակ համայնքներում։
Միջոցառումների նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրությունը, պահպանել Սևանա լճի ձկնային պաշարները և նպաստել ձկնային պաշարների վերականգնմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-24 16:01:20