Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բուժաշխատողի օրվա առթիվ շնորհակալագրեր է հանձնել 23.06.2026
Մարդկանց առողջության համար պայքարը պարզապես աշխատանք չէ․ այն ամենօրյա պատասխանատվություն, նվիրում և մարդասիրություն է։ Բուժաշխատողի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել մարզի առողջապահական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության և առողջապահության համակարգում ունեցած ներդրման համար։ Շնորհավորելով բուժաշխատողներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նրանց ամենօրյա ծառայության համար՝ ընդգծելով, որ բժիշկների, բուժքույրերի, շտապօգնության աշխատակիցների և ոլորտի մյուս մասնագետների աշխատանքն անգնահատելի նշանակություն ունի յուրաքանչյուր համայնքի ու յուրաքանչյուր ընտանիքի համար։

Գեղարքունիքի մարզից 303 երեխա հանգստանում է դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխում 23.06.2026
Հունիսի 20-ից մեկնարկել է դպրոցահաuակ երեխաների՝ 2026 թվականի ամառային հանգuտի կազմակերպման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրից օգտվում են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաներ։ Դպրոցականները կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» և «Լուսաբաց» ճամբարներում՝ 2 հերթափոխով, 10-ական օրով։

Տեղի ունեցավ քննարկում՝ "Գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում" թեմայի շուրջ 22.06.2026
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, բնակավայրերի գյուղոլորտի պատասխանատուների, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների, Էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ինչպես նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել մարզում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հերթական փուլում կատարված աշխատանքները։ Քննարկվեցին մարզում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, դրանց ականջապիտակների պարտադիր ամրացման, անասնաբույժի մասնագիտական պարտավորություններին վերաբերող հարցեր, խոսվեց կենդանու համարակալման և էլեկտրոնային տեղեկատվական համակարգ դրանց ներմուծման, համարակալված կենդանուն համակարգից հեռացնելու դեպքերի, տվյալների փոփոխությունների ժամկետների պահպանման, անասնաշուկայի անասնաբույժի պարտավորությունների կատարման, կենդանու արտահանման, սպանդից հետո դրանց տվյալների վերանայման, անասնատիրոջ պարտավորությունների այլ թեմաների մասին։ Հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանեցին նաև ներկաների կողմից բարձրացված հարցերին։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2026
Հարգելի՛ բուժաշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Ձեր մասնագիտությունը բացառիկ առաքելություն է, որը հիմնված է գիտելիքի, պատասխանատվության և մարդասիրության վրա։ Ամեն օր դուք ձեր աշխատանքով պահպանում եք մարդկանց առողջությունը, պայքարում հիվանդությունների դեմ և բազմաթիվ ընտանիքների վերադարձնում հավատն ու հույսը։ Առողջապահության ոլորտի յուրաքանչյուր մասնագետ՝ բժիշկ, բուժքույր, շտապօգնության աշխատակից և բուժաշխատող, իր նվիրումով ու բարեխիղճ ծառայությամբ կարևոր դեր ունի հասարակության բարեկեցության և համակարգի զարգացման գործում։ Ձեր աշխատանքը հաճախ իրականացվում է մեծ ծանրաբեռնվածության և բարձր պատասխանատվության պայմաններում, ինչը առավել արժանի է հարգանքի և գնահատանքի։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, մասնագիտական ձեռքբերումներ, անսպառ ուժ և նոր հաջողություններ։ Թող ձեր մարդասիրական առաքելությունը միշտ ուղեկցվի գնահատանքով, վստահությամբ և շնորհակալությամբ։ Շնորհավոր Բուժաշխատողի օրը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ մարզպետների աշխատակազմերի՝ կրթության ոլորտը համակարգող պատասխանատուների հետ՝ քննարկելու սեպտեմբերից սպասվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխությանը, վարչատնտեսական գործառույթի՝ մարզերին փոխանցմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ստորաբաժանումների ղեկավարներ: Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հանրակրթության մասին» օրենքում իրականացված փոփոխությամբ հստակեցվել են նախարարության և մարզերի գործառույթները։ Ըստ այդմ՝ առաջիկա սեպտեմբերից մարզերի հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ կփոխանցվի մարզպետների աշխատակազմերին․․․

Անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն 18.06.2026
Սևանա լճի «Նոյ Լենդ» հանգստյան գոտու հարակից տարածքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը զբոսանավում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով։ Ըստ ուսումնավարժության սցենարի՝ զբոսանավում բռնկված հրդեհի հետևանքով եղել են տուժածներ, ինչպես նաև քաղաքացիներ, որոնք խուճապի հետևանքով հայտնվել են ջրում։ Ստեղծված պայմաններում իրականացվել են հրդեհաշիջման, ջրափրկարարական, որոնողափրկարարական և տուժածների տարհանման աշխատանքներ։ Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների, ՆԳՆ ոստիկանության ջրային պարեկային ծառայության, ինչպես նաև Գավառի և Սևանի բժշկական կենտրոնների աղետների բժշկության մեկական թիմեր։ Վարժանքի նպատակն էր կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները, բարձրացնել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցության արդյունավետությունը և ստուգել արտակարգ իրավիճակներում արագ ու համակարգված արձագանքման պատրաստվածությունը։


