Նորություններ

Վարժանքների անցկացում 18.08.2021
Ս/թ օգոստոսի 18-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ և Կախակն, իսկ օգոստոսի 20-ին՝ Մեծ Մասրիկ, Կուտական և Տրետուք բնակավայրերում։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել:

Հիմնանորոգվում է Արծվանիստ համայնքի մանկապարտեզի շենքը 18.08.2021
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում առաջիկա օրերի ընթացքում կտրվի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 23 միլիոն 307 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 13 միլիոն 984 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավաևրությունը, 40 տոկոսը կամ 9 միլիոն 323 հազարը՝ Արծվանիստի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է մանկապարտեզի առաջին հարկի ներքին հարդարում, նոր դռների եւ պատուհանների տեղադրում, հատակի, սանհանգույցների, էներգոհամակարգի նորոգում։ «Մեր համայնքի մանկապարտեզը, ուր հաճախում էին 90 երեխա, իր գործունեությունը դադարեցրել է 2016 թվականին, շենքային ու սանիտարական անբավարար պայմանների պատճառով։ Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրի միջոցով կարողացանք նորոգել մանկապարտեզի շենքի տանիքը, իսկ այս տարի ամբողջությամբ կավարտենք առաջին հարկի հիմնանորոգումը։ Եկող տարվա ընթացքում հերթական փուլով...

Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում կկառուցվի լուսավորության ցանց 17.08.2021
Շողակաթ համայնքի կազմում ընդգրկված Շողակաթ, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց, կվերակառուցվի Շողակաթ գյուղի առաջին փողոցի լուսավորության ցանցը՝ հին սարքավորումները փոխարինելով ԼԵԴ համակարգի սարքավորումներով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն 265 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 13 միլիոն 172 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 92 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, արդյունքները հայտնի են, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանց կառուցել Շողակաթ բնակավայրի 3-րդ, Դրախտիկ բնակավայրի 8-րդ, Ծափաթաղ բնակավայրի առաջին եւ 2-րդ, Ջիլ բնակավայրի 4-րդ եւ առաջին, Աղբերք բնակավայրի առաջին եւ 2-րդ, Արտանիշ բնակավայրի 11-րդ փողոցներում։...

Կարկուտն էական վնասներ է հասցրել Վարդենիս, Ծովակ եւ Լուսակունք համայնքների տնտեսություններին 17.08.2021
Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկտից զգալի վնասներ են կրել Վարդենիս, Լուսակունք եւ Ծովակ համայնքների տնտեսությունները։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նախնական տվյալներով, տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների բերքը: Մեծապես տուժել է նաեւ գյուղնշանակության վարելահողերում առկա 90 հեկտար ցորենի, 67 հեկտար գարու, 94 հեկտար կարտոֆիլի, պտղատու այգիների 54 հեկտար խնձորի եւ 45 հեկտար տանձի բերքը: Վնասվել են նաեւ ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, բնակարանների եւ շինությունների կտուրներ: Ծովակի եւ Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի ցանքերը, մնացած մասը՝ հացահատիկի՝ դեռեւս չհնձված արտերը։ Լուսակունքում վնասվել է 80 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար հացահատիկի ցանք, 5 հեկտար պտղատու այգու բերք։ Վնասների գումարային չափերը ճշտվում են համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից։

Լեռնահովիտի հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները շարունակվում են 17.08.2021
Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի Վ․ Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի շինարարությունը, որն իրականացվում է պետական միջոցների հաշվին, մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերից եւ ավարտի կհասցվի 2023 թվականի ընթացքում։ 2021 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ արդեն ավարտի են հասցվել դպրոցի հին շենքի քանդման, հիմքերի եւ ապաստարանի կառուցման աշխատանքները եւ այժմ ընթանում են պատերի կառուցապատման աշխատանքները: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է մոտ 600 միլիոն դրամ։Նորակառույց դպրոցն ունենալու է 7 դասասենյակ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, ճաշարան, սանհանգույցներ, ժամանակակից դպրոցին հատուկ այլ պայմաններ։ Շենքը զբաղեցնելու է 1400 քառակուսի մետր մակերես։ Նոր ուսումնական տարում դասաժամերի կազմակերպման համար արդեն ձեռնարկվում են համարժեք քայլեր, որպեսզի դպրոցի աշակերտները, որոնց թիվն այս պահին հասնում է 28-ի, հաճախեն դպրոց՝ չկտրվելով առկա ուսուցումից։

«Մարտական ծառայություն» մեդալ՝ Արցախյան պատերազմի մասնակցին 17.08.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհաբերած մարտիկներից է Ծովազարդ համայնքից՝ պահեստազորային Շահեն Աշոտի Ղարիբյանը: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Շահեն Ղարիբյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալ: Հերոսի ծնողներին այցելեցին և մեդալի հանձնման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի խորհրդական Աշոտ Կարապետյանը, մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի պատասխանատու Վանիկ Գոզեյանը: Ներկաները մեծարանքի և ոգեկոչման խոսքեր հնչեցրին Շահենի հասցեին, սփոփելով անմահ հերոսի ծնողներին և հարազատներին: Մեդալը համալրեց Շահեն Ղարիբյանի անձնական անկյունում տեղադրված իրերի շարքը, որպես անխոս վկա՝ նրա անցած մարտական ճանապարհի: