Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 08.10.2025
Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Քաղաքացիները մարզպետին դիմեցին մի շարք հարցերով, որոնք հիմնականում վերաբերում էին՝ բնակարանների բարեկարգմանը սոցիալական նպաստի վերականգնմանը հաշմանդամության կարգի ստացմանը աշխատանքի տեղավորման հնարավորություններին բուժման կազմակերպմանը՝ պետպատվերի շրջանակում ֆինանսական աջակցությանը և անձնական բնույթի այլ հարցերին։ Բոլոր դիմումներն ընդունվել են սահմանված կարգով, հաշվառվել և կստանան պատասխաններ օրենքով սահմանված ժամկետներում։ Մարզպետի աշխատակազմը շարունակելու է բաց և հասանելի լինել քաղաքացիների համար՝ նպաստելով իրենց խնդիրների լուծմանը։
Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերիին։ Մարզպետը ողջունել է դեսպանին՝ ընդգծելով Գեղարքունիքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը, և ներկայացրել է մարզում ընթացող ծրագրերը, որոնք ապահովում են համաչափ զարգացում՝ անկախ որոշ բնակավայրերի սահմանամերձ լինելու հանգամանքից։ Մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է մարզում իրականացվող աշխատանքները, որոնք ընդգրկում են մի շարք կարևոր ուղղություններ՝ • դպրոցաշինություն • առողջապահության ոլորտի զարգացում • ենթակառուցվածքների բարելավում • ճանապարհաշինություն • ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառուցում և արդիականացում։ Մարզպետը ներկայացրել է նաև Գեղարքունիքի զարգացման ներուժը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ջերմոցաշինության, վերականգնվող էներգիայի և տուրիզմի ոլորտներում։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ 06.10.2025
Սիրելի՛ ճարտարապետներ, քաղաքաշինության ոլորտի մասնագետներ, շնորհավորում եմ ձեզ Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը կարևոր հնարավորություն է արժևորելու այն ստեղծագործական ու մասնագիտական նվիրումը, որի շնորհիվ ձևավորվում է մեր քաղաքային ու գյուղական միջավայրը՝ մեր կյանքի տարածական հենքը։ Ճարտարապետությունը ոչ միայն արվեստ է, այլև գիտություն, պատասխանատվություն ու տեսլական։ Այն կերպավորում է համայնքներ, արտահայտում է ժամանակաշրջանի արժեքներն ու արձագանքում է հասարակության կարիքներին։ Այսօրվա գլոբալ մարտահրավերների՝ կլիմայական փոփոխությունների, քաղաքաշինության խտացման և մշակութային ինքնության պահպանման պայմաններում, ճարտարապետի առաքելությունն առավել քան երբևէ կենսական նշանակություն ունի։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2025
Սիրելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալ աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցիչների օրվա առթիվ։ Ձեր աշխատանքը ոչ միայն մասնագիտություն է, այլև մի ամբողջ հոգևոր առաքելություն, որի միջոցով ձևավորվում են մեր պետության ապագա քաղաքացիները։ Դուք եք սերմանում գիտելիքի սերն ու պատասխանատվության զգացումը, մարդկային արժեքներն ու հայրենասիրությունը՝ ամրացնելով մեր հասարակության հիմքերը։ Մեր մարզի զարգացման ու առաջընթացի հիմնասյուներից մեկը կրթությունն է, իսկ դուք՝ դրա ամենամեծ հենարանը։ Ձեր նվիրումն ու հետևողական աշխատանքը արժանի են ամենաբարձր գնահատանքի և հասարակության անկեղծ հարգանքի։ Թող ձեր աշխատանքը միշտ ուղեկցվի սաների սիրով, գործընկերների գնահատանքով և պետության աջակցությամբ։ Մաղթում եմ ձեզ առողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործ մտքեր և նոր ձեռքբերումներ մեր կրթական համակարգի բարելավման գործում։ Հարգանքով և երախտագիտությամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը Մադինայում 03.10.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում է իրականացրել Մադինայի նոր կրթահամալիրի շինհրապարակում։ Նոր կրթահամալիրը կառուցվում է Մադինայի միջնակարգ դպրոցի տարածքում՝ մոտ 3278 քմ տարածքով, որը նախատեսված է 144 աշակերտի և 40 նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Շինաշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ 1 միլիարդ 78 միլիոն 170 հազար դրամ արժողությամբ։ Պատվիրատուն Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամն է։ Երկհարկանի շենքը հագեցած է լինելու ժամանակակից բոլոր հարմարություններով և ենթակառուցվածքներով։ Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի դեկտեմբերից և նախատեսվում է ավարտել 2026-ի հոկտեմբերին։

Գեղարքունիքի մարզպետը և ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել են Գավառի գյուղատնտեսական քոլեջ 02.10.2025
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նրանք այցելել են ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ հետևել են նոր մասնաշենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներին, ինչպես նաև մարզադահլիճի վերակառուցման ընթացքին։ Այցի ընթացքում նրանց հետ է եղել նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Քոլեջի նոր մասնաշենքի կառուցումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականից։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 320 միլիոն 448 հազար դրամ։ Նախագծով նախատեսված է կառուցել 1132 քմ մակերես ունեցող ուսանողական մասնաշենք, կաթսայատուն, շվաքարաններ անասնակերի և գյուղտեխնիկայի համար, «Խելացի» անասնագոմ, մարզական խաղահրապարակ, ինչպես նաև վերակառուցել գործող մարզադահլիճն ու միջանցքը։ Մարզպետի գնահատմամբ՝ այս ծրագրի իրագործումը մեծ նշանակություն ունի մարզի կրթական ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսական մասնագիտությունների խթանման և երիտասարդների համար ժամանակակից պայմաններով ուսուցում ապահովելու տեսանկյունից։ Նա շնորհակալություն է հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության և համագործակցության համար։


