Նորություններ

Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցն արդեն ունի նորացված ճաշարան եւ խոհանոց 14.04.2020
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն այսուհետ «Դպրոցական սնունդ» ծրագրից կօգտվեն հիմնանորոգված ճաշարանի եւ խոհանոցի տարածքում: Ինչպես տեղեկացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանը, ճաշարանի եւ խոհանոցի վերանոգման համար շինանյութի տեսքով հիմնական օժանդակությունը տրամադրվել է ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում, մնացած շինանյութերի եւ կատարված աշխատանքների ամբողջ ծախսը, որը կազմել է շուրջ 800000 դրամ, տրամադրել է համագյուղացի Անդրանիկ Միհրանյանը։ «Շինարարական աշխատանքներն իրականացրեցին մեր աշակերտների ծնողները՝ դրանք կատարելով ավելի մատչելի գներով: Իսկ մինչ այս ձեռքբերումը` մենք ունեինք շատ անմխիթար վիճակ։ Աշակերտները սնվում էին անբարեկարգ, սանիտարական բավարար պայմաններ չապահովող տարածքում: Իսկ հիմա, շնորհիվ մարդկանց բարի կամքի եւ մեր միասնական ջանքերի, մեր աշակերտները կսնվեն միանգամայն մաքուր ու բարեկարգ տարածքում: Մեր մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները եւ ծնողները իրենց երախտագիտությունն են հայտնում նրանց, որոնց ջանքերով հաջողվեց իրականություն դարձնել այս կարեւոր ձեռնարկը»,-նշեց դպրոցի տնօրենը:
Տեղեկատվություն 13.04.2020
04-10.04.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը

Դրախտիկի միջնակարգ դպրոցում կառուցվել է էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ 13.04.2020
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի միջնակարգ դպրոցի 12 դասասենյակներում եւ ուսումնաօժանդակ 23 այլ սենյակներում արդեն շահագործման է հանձնվել էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ: Ինչպես տեղեկացրեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը, ջեռուցման համակարգը կառուցվել է այս տարվա փետրվար-մարտ ամիսների ընթացքում եւ փորձարկվել օրեր առաջ: Ջեռուցման համակարգի կառուցման համար ծախսվել է 4 միլիոն 500 հազար դրամ, որից 4 միլիոնը հատկացրել է Գեղարքունիքի մարզպետարանը, 500 հազար դրամը՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցը իր տնտեսած միջոցների հաշվին: «Մինչ այս կարեւոր ձեռնարկը՝ դպրոցը ջեռուցվում էր նավթի վառարաններով, որը կապված էր մի շարք դժվարությունների հետ: Հնացել էին թե վառարանները, թե ծխատար խողովակները, մի կողմից էլ նավթի հոտը անմաքուր միջավայր էր ստեղծում դպրոցում: Բացի այդ, շատ դժվար էր ապահովել դասաժամերի անցկացման համար կանոնավոր ջերմաստիճան: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ հաջողվեց իրականացնել այս ծրագիրը, որի...

Տեղեկացում 10.04.2020
Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ: Ինչպես գիտեք, ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Իսկ դրան հաջորդող օրը՝ ապրիլի 13–ին, նշվում է Սուրբ Զատիկի մեռելոցը: Հորդորում ենք այդ օրերին զերծ մնալ բազմամարդ հավաքույթներ կազմակերպելուց, ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանիքի անդամներով։ Հարգելի քաղաքացիներ, այս ամենն արվում է բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով: Մնացեք տանը: Առողջ եղեք: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարզի բուժհաստատություններին տրամադրվել են պաշտպանիչ դիմավահաններ 09.04.2020
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանն են հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված 150 պաշտպանիչ դիմավահան՝ ստեղծված արտակարգ դրության ընթացքում մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Դիմավահանները նախատեսված է տրամադրել մարզի հինգ քաղաքային համայնքներում գործող բժշկական կենտրոններին և Գավառի ու Վարդենիսի պոլիկլինիկաներին: Վարդենիսի և Մարտունու ԲԿ-ներն արդեն ստացել են, իսկ Գավառի, Ճամբարակի և Սևանի ԲԿ-ներում դիմավահանների բաշխման աշխատանքներն ընթացքի մեջ են: Միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է «Արմաթ»-ի ինժեներական լաբորատորիաների Գեղարքունիքի մարզային խմբավարների միջոցով` սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ:

Գեղարքունիքի մարզում իրականացվում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ 08.04.2020
Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած, սկսվել եւ ընթանում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզի գլխավոր համաճարակաբան Սարգիս Ավագյանը, մարտի 12-ից բրուցելյոզ հիվանդության հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով տնտեսություններում արյան նմուշառում է իրականացվում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում: Մարտի 25-ից ձեռք են բերվել պատվաստանյութերը՝ մի շարք այլ միջոցառումներ իրականացնելու համար: «Սիբիրախտի, խշխշան պալարի, դաբաղի, պաստերելյոզի, խոզերի դասական ժանտախտի դեմ համապատասխան պատվաստանյութերը ձեռք են բերվել, պատվաստումները կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում: Մինչեւ անասնագլխաքանակի արոտ դուրս գալը պատվաստումներն ամբողջ ծավալով ավարտված կլինեն: Այժմ ընթանում է նաեւ ծնի շրջանը: Համենայնդեպս, այս պահի դրությամբ մենք տնտեսություններից համաճարակներով պայմանավորված անկումների կամ վիժումների մասին ահազանգեր չենք ստացել: Ոչխարի ծինն ավարտված է մոտ 90, խոշորի ծինը՝ մոտ 50 տոկոսով»,-ներկայացրեց Սարգիս Ավագյանը:


