Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովագյուղում կբարելավվի ջրամատակարարման համակարգը

22.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 132 միլիոն 429 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 92 միլիոն 697 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 39 միլիոն 724 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ծովագյուղի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կբարելավվի համայնքի ջրամատակարարումը: «Ջրամատակարարաման հիմնախնդիրը համայնքում առկա է վաղուց, որը խոչընդոտում է բնակիչների կենսական խնդիրների լուծմանը: Խմելու ջրի ջրավազանները սնուցվում են Այծեմնասար եւ Բեթխեհեմ սարերից, սակայն չեն բավարարում բնակչությանը: Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող արտաքին վնասված եւ հին մետաղական 6կմ երկարության, 150մմ տրամագծով խողովակաշարը փոխարինել նոր մետաղապլաստե 6կմ երկարության 160 մմ խողովակաշարով, ինչը հնարավորություն կընձեռի՝ կարգավորիչ ջրավազան ջրամատակարարումը ավելացնել եւս 3-4 ժամ տևողությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի Բեթխեհեմ սարից սնուցվող ջրագծից նոր կառուցվող ջրագծով միացում կատարել Այծեմնասարից օգտվող ջրավազանին, որի շնորհիվ էլ Այծեմնասարից օգտվող բնակիչների համար կապահովի 5-6 ժամ տեւողությամբ ջրամատակարարում: Բացի այդ, անհրաժեշտ է վերանորոգել Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող 350 տոննա տարողությամբ անսարք ջրավազանը: Միաժամանակ անհրաժեշտ է կատարել Բեթխեհեմից սնուցվող ջրավազանից օգտվող բնակիչներին մատակարարվող ջրագծի ներքին ցանցի մետաղական խողովակների փոխարինում մետաղապլաստե խողովակներով` 4 կմ երկարությամբ, 75-40 մմ տրամագծով, քանի որ նախկին մետաղական խողովակները օգտագործման համար դարձել են ոչ պիտանի, իսկ ցանցում ահռելի են ջրի կորուստները: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կկառուցվի 10 կմ երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց: Ջրավազանների հարակից տարածքում անհրաժեշտ է կատարել ցանկապատի կառուցում: Ծրագրի շրջանակներում կկատարվի նաեւ ջրաչափիչ սարքերի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59