Նորություններ

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում 29.05.2025
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածում։ 2.5կմ երկարությամբ նորոգվող հատվածը ձգվում է Սևան-Գավառ ճանապարհով։ Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, որից հետո տեղադրվել է հարթեցնող շերտ, այժմ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ասֆալտապատումից հետո կկատարվի կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հիշեցնենք, որ այսօր և վաղը՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, նշված ճանապարհահատվածը նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։

Գավառի բժշկական կենտրոնը համալրվել է համակարգչային շերտագրման սարքով 29.05.2025
Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Գավառի բժշկական կենտրոն՝ համակարգչային շերտագրման կաբինետի հիմնման և համապատասխան սարքավորման տեղադրման աշխատանքները դիտարկելու նպատակով։ Գավառի ԲԿ-ի համակարգչային շերտագրման կաբինետի հիմնումն իրականացվել է վարչապետի խոստման արդյունքում։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են ԲԿ-ի տնտեսված միջոցների հաշվին, շուրջ 10 միլիոն դրամի շրջանակներում, իսկ համակարգչային շերտագրման սարքը տեղադրվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված միջոցներով` նախահաշվային արժեքը 150 միլիոն դրամ: Համակարգչային շերտագրման կաբինետի գործարկմամբ Գավառի բժշկական կենտրոնը հնարավորություն կունենա՝ համայնքի բնակիչներին մատուցելու որակյալ ծառայություն՝ տեղում իրականացնելով ճշգրիտ հետազոտություն, ախտորոշում և բուժում: Այս նախաձեռնությունը կնպաստի նաև ԲԿ-ի սեփական միջոցների ավելացմանը, ինչի արդյունքում էլ բժշկական կենտրոնը կվերազինվի ժամանակակից սարքավորումներով։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2025
<<Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը մեր պատմության փառավոր էջերից է։ Այս օրը՝ 1918 թվականին, ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ ազատության ու ինքնիշխանության համար մեր ժողովրդի անսասան կամքի արդյունքը։ Չնայած իր կարճատև գոյությանը՝ Առաջին Հանրապետությունը հիմնեց այն արժեքները, որոնց վրա այսօր կառուցվում է մեր անկախ պետականությունը՝ ժողովրդավարություն և ինքնիշխանություն։ Առաջին Հանրապետության հիմնադիրներն իրենց անձնական նվիրվածությամբ և հերոսական պայքարով մեզ փոխանցեցին անկախության, համախմբվածության և պայքարի ոգին։ Նրանց թողած ժառանգությունը շարունակվում է այսօր՝ մեր պետականության ամրապնդման, խաղաղության և զարգացման ուղին հարթելով։ Այսօր, ապրելով արդեն անկախ Հանրապետության պայմաններում, մենք պարտավոր ենք արժանապատվորեն շարունակել այդ սրբազան գործը՝ կերտել արդար, ուժեղ ու զարգացած Հայաստան։...

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ,,Մարտունու կանանց համայնքային խորհուրդ,, ՀԿ-ում հանդիպում է ունեցել Մարտունի համայնքի երիտասարդների հետ։ Քննարկել են բազմաթիվ կարևոր հարցեր՝ հատկապես կապված երիտասարդների արտագաղթի հիմնական պատճառների, աշխատատեղերի պակասի և աշխատավարձերի հետ։ Ուշադրության կենտրոնում է եղել նաև երիտասարդների համար ժամանցի և հավաքների համար համապատասխան վայրերի ստեղծման անհրաժեշտությունը։ Խոսվել է Մարտունի քաղաքի ճանապարհների վերանորոգման, լուսացույցերի տեղադրման և հետիոտնային անցումների բարելավման կարևորության մասին։ Հատուկ շեշտվել է համայնքի բնակչության իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Մասնակիցների կողմից ներկայացվել են մի շարք հետաքրքիր առաջարկներ, որոնց թվում նաև մենթալ թվաբանության կենտրոն հիմնելու նախաձեռնությունը։

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին առողջության վերականգնման, արոտավայրի ջրարբիացման, սեփականության իրավունքի գրանցման, այրված գոմի տանիքի վերականգնման, ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու հետ կապված խնդիրներով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2500 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին: Օլիմպիադայի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի զարգացմանը, շախմատ մարզաձևը նպատակաուղղելու սովորողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների դաստիարակմանը, ինչպես նաև ի հայտ բերել շնորհալի մարզիկներին՝ նրանց հետագա մարզական կատարելագործումն ապահովելու համար: ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներն անցկացվեցվել է 2025 թվականի մայիսի 22-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի N 4, Ճամբարակի N 1, Վարդենիսի N 2, Սևանի N 3 հիմնական դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը: