Նորություններ
Շարունակվում են Սևանի Գեղամա և Ռուսական փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Մեկնարկել են նաև Սևանի Աբովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել էր Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի փողոցներից, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն: Հիշյալ փողոցներին հաջորդել էր Գեղամա և Ռուսական փողոցները, որտեղ շինարարական աշխատանքները շարունակվում են: Մեկնարկել են նաև Աբովյան փողոցի հիմնանորոգումը, որին կհաջորդեն Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այսօր մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը, որին ներգրավված էին ՀՀ մարզպետներ, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմը։» Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորել ենք 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։ Հանձնարարվել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, անմիջապես սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես նաև հանձնարարվել է խստագույնս հետևել իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին, շարունակել կառուցվող, հիմնանորոգվող ու նորոգվող բոլոր ճանապարհներից պետական լաբորատորիայի նմուշառումները, աշխատանքները ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում:

Շարունակվում են վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնության մրցումները 17.07.2025
Հուլիսի 16-ին Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում կայացան վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնության «Բ» ենթախմբի հերթական խաղերը։ Մրցաշարին մասնակցում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, մարզային դատարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մարզային վարչության թիմերը։ Առաջին խաղում մրցեցին մարզպետի աշխատակազմի և փրկարար ծառայության թիմերը։ Հաղթանակը 2։0 հաշվով տարան փրկարարները։ Երկրորդ խաղում փրկարարները մրցեցին դատարանի թիմի հետ և կրկին հաղթեցին՝ 2։0 հաշվով։ Երրորդ խաղում ուժերը չափեցին մարզպետի աշխատակազմի և դատարանի թիմերը։ Այս անգամ 2։1 հաշվով հաղթեց մարզպետի աշխատակազմի թիմը։ «Բ» ենթախմբի հաջորդ խաղերը կանցկացվեն հուլիսի 17-ին։ Դրանց արդյունքներով կորոշվեն եզրափակիչ փուլի երկու մասնակիցները։
ՀՀ Կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 1 միլիոն 169, 9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզների շինարարական աշխատանքների ավարտի և պակաս գույքի ձեռքբերման համար։ Այդ թվում․ 528,4 հազար դրամ՝ Մարտունու համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզին։ 442,5 հազար դրամ՝ Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզին։ 199,0 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզին։ ՀՀ կառավարության նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունու, Գավառի և Ճամբարակի ավագ դպրոցների մասնագիտացված լաբորատորիաների ստեղծման, Ակունքի և Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցների մարզադահլիճների շինարարական աշխատանքների ավարտման, Գագարինի և Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցների շինարարական աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

Տեղի ունեցավ Հայագիտական միջազգային կոնգրեսի ամփոփիչ նիստը 16.07.2025
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ Գավառ քաղաքում տեղի ունեցավ Հայագիտական միջազգային կոնգրեսի ամփոփիչ նիստը։ Համայնքի կրթամշկութային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև Մատենադարանի ավագ գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» գրքի շնորհանդեսը, դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի գրչության կենտրոնների պատմության ուսումնասիրության բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանը և ցուցադրվեց Գեղամա երկրում գրչագրված 15-րդ դարի բացառիկ մատյան:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչներին 16.07.2025
Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Կողմերը քննարկեցին մարզում փախստականների հարցերով համակարգող աշխատանքային խմբի և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի միջև համագործակցության ընթացքը և առաջիկա ծրագրերը։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետի աշխատակազմին արդյունավետ և շարունակական աշխատանքի համար։ Ի պատասխան՝ Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի համար և ընդգծեց, որ համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով։


