Նորություններ

Իրազեկում 11.07.2025
Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ՀՀ կառավարության ռազմավարության գործողությունների պլանի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ստորև ներկայացվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 բնակչությանն իրազեկելու և հարցաշարի լրացման գործընթացին հնարավորինս մեծ թվով մասնակիցներ ապահովելու համար:

Ընթանում են վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնության մրցումները 11.07.2025
Հուլիսի 11-ին մեկնարկեց վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնությունը, որն անցկացվեց Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել 8 թիմեր, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երկու ենթախմբի։ «Ա» ենթախմբում ընդգրկված են Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի համայնքապետարանների և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։ «Բ» ենթախմբում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզային դատարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։ Մրցաշարի առաջին խաղում ուժերը չափել են Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների թիմերը։ Հաղթանակը 2։1 հաշվով տոնել է Ճամբարակի թիմը։ Երկրորդ խաղում մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։ Խաղն ավարտվել է բանակային կորպուսի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Երրորդ հանդիպումը կայացել է Մարտունու և Ճամբարակի համայնքապետարանների թիմերի միջև։ Այս անգամ ևս 2։0 հաշվով հաղթել է Ճամբարակի համայնքապետարանի թիմը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 09.07.2025
Հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, բազմաբնակարան շենքի տանիքի և բնակարանի վերանորոգման, ջրահեռացման համակարգի անցկացման, վնասված ջրագծի վերանորոգման, բուժումը կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, ինչպես նաև անձնական բնույթի այլ հարցերով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը 08.07.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։ Միաժամանակ, երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները և կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները, սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ մեքենասարքավորումները։

Պարեկային ծառայության հարգելի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ։ Պարեկային ծառայության ստեղծումը նոր շունչ հաղորդեց մեր երկրի ոստիկանության համակարգին՝ հիմնվելով արդիականացված գործելակերպի, պրոֆեսիոնալ պատրաստվածության և բարձր քաղաքացիական պատասխանատվության վրա։ Այս չորս տարիների ընթացքում, չնայած առաջացած դժվարություններին, դուք ապացուցեցիք, որ կարող եք լինել արժանի պատասխանատու՝ պետության և ժողովրդի առջև։ Գեղարքունիքի մարզի պարեկները, լինելով համակարգի կարևոր մասնիկ, իրենց ծառայությամբ զգալի ներդրում են ունենում մարզի անվտանգ միջավայրի ձևավորման, ճանապարհային երթևեկության վերահսկման և հանցավորության կանխման գործում։ Նշանակալի է նաև, որ ծառայության շարքերում այսօր ներգրավված են նաև կանայք, ովքեր իրենց նվիրումով ու մասնագիտական որակներով նպաստում են համակարգի կայացմանը։ Ձեզ մաղթում եմ անփորձանք ծառայություն, առողջություն, ուժ ու կամք՝ շարունակելու ճանապարհը՝ դեպի ավելի կայացած, վստահություն ներշնչող և բարձր արդյունավետությամբ համակարգ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 07.07.2025
Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին 2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով առաջացած փլուզման հետևանքների վերացման ու աղետից տուժած ընտանիքների կարիքների բավարարման հետ կապված հարցերը։ Անդրադարձ կատարվեց նաև պետական միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի, Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2025 թվականին Գեղարքունիքի մարզում հաստատված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի կոյուղու և ջեռուցման համակարգի կառուցման նախահաշվային արժեքի հաշվարկմանը, մարզի համայնքների որոշ բնակավայրերում առողջության առաջնային պահպահման կենտրոնների նոր շենքերի կառուցման նպատակով նախատեսված հողհատկացումների գործընթացին։ Խոսվեց նաև Լճաշենի ճեմուղու և Ախթամարի արձանի տարածքի բարեկարգման նախագծերի համալիր փորձաքննությունների, մարզի ԱԱՊԿ-ների վերազինման, հրատապ ծրագրերի մրցույթների ընթացքի հետ կապված հարցերի մասին։ Մարզպետը հանձնարարեց՝ խստորեն հետևել մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ժամկետներին՝ դրանց խախտման դեպքերում օրենքով սահմանված կարգով կիրառելով համապատասխան տույժ-տուգանքներ։ Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։