Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև ոլորտային փոխնախարարներ։ Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն և մարզի քաղաքներից դեպի Երևան ուղղություններով փաստացի ուղևորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Միասնական երթուղային ցանցի մշակման աշխատանքներին զուգահեռ նախարարը մարզպետներին հանձնարարել է նախնական վիճակագրություն դուրս բերել կանոնավոր երթուղային ցանցի խնդիր ունեցող համայնքներում ուղևորահոսքի և դրա հաճախականության վերաբերյալ՝ ընդգծելով կարճ ժամանակահատվածում ոլորտում փոփոխություններ արձանագրելու անհրաժեշտությունը։

Մարտունու ԲԿ-ն համալրվեց շտապօգնության ծառայության ևս մեկ բրիգադով 26.08.2019
Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը 2019 թվականի օգոստոսի 26-ից աշխատելու է երկու բրիգադով: Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շտապօգնության ծառայության երկրորդ բրիգադը ձևավորվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած պահանջի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա: «Շտապօգնության երկրորդ բրիգադի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել էր՝ ելնելով շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունից և կանչերի քանակական աճից: Գեղարքունիքի մարզպետարանի պահանջին ՀՀ կառավարությունը դրականորեն և ժամանակին արձագանքեց, և այսօրվանից մենք ունենք շտապօգնության երկրորդ բրիգադը՝ շտապօգնության մեկ ավտոմեքենայով և սպասարկող անձնակազմով: Բրիգադն արդեն սպասարկել է մի քանի կանչերի»,- նշեց Մարտունու ԲԿ տնօրենը: Նոր բրիգադի ստեղծումը կթեթևացնի բժշկական կենտրոնի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և կբարձրացնի բուժսպասարկման որակը, համոզված են բժշկական կենտրոնում:

Լճաշենը հյուրընկալեց Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին 26.08.2019
Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմի անդամները, դպրոցի մանկավարժները եւ համայնքի բնակիչները աղուհացով դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ուխտագնացության ժամանած Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին՝ ատենապետուհի Անահիտ Տանձիկյանի գլխավորությամբ: Լճաշենի մշակույթի տան բակում պատվավոր հյուրերին երաժշտական կատարումներով ողջունեցին Լճաշենի արվեստի դպրոցի սաները:Իսկ մշակույթի տան դահլիճում հրավիրված միջոցառմանը առաքելության ղեկավար, մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը ներկայացրեց միության անդամների այցի ու հյուրընկալության բուն նպատակը: «Այսօր հայ գյուղն ու գյուղացին հոգածության եւ ուշադրության լուրջ կարիք ունեն: Միության ատենապետուհի տիկին Անահիտ Տանձիկյանն անձամբ ցանկացավ միության որոշ անդամների աջակցությամբ օժանդակություն ցուցաբերել լճաշենցի անապահով ընտանիքներին ու մեր արվեստի ու միջնակարգ դպրոցների երգի-պարի խմբերին, ինչպես նաեւ ...

Կայացավ ֆուտզալի մարզային առաջնության եզրափակիչ փուլը 24.08.2019
Այս տարվա ապրիլ ամսից մեկնարկեցին ֆուտզալի Գեղարքունիքի մարզի 2019 թվականի առաջնության խաղերը, որին մասնակցեցին 12 ֆուտբոլային թիմեր: Վիճակահանությամբ թիմերը բաժանվել էին 3 ենթախմբի , որում 1-ին և 2-րդ տեղ գրաված 6 թիմերը վիճակահանությամբ բաժանվել էին 2 ենթախմբի: Այդ ենթախմբերում 1-ին տեղ գրաված թիմերը օգոստոսի 23-ին կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ պայքարեցին 1-ին և 2-րդ տեղերի համար, իսկ ենթախմբերում 2-րդ տեղ գրաված թիմերը պայքարեցին 3-րդ տեղի համար: 1-ին և 2-րդ տեղերի համար մրցապայքարի դուրս եկան Վարդենիսի քաղաքապետարանի և 2-րդ բանակային կորպուսի թիմերը, որի արդյունքում 1-ին տեղը գրավեցՎարդենիսի քաղաքապետարանի թիմը, 2-րդ մրցանակին արժանացավ 2-րդ բանակային կորպուսի թիմը : 3-րդ տեղի համար պայքարում հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի լրատվության ոլորտի հավաքական թիմերը: Մրցապայքարի արդյունքում 3-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզպետարանի թիմը:

Շնորհակալագիր՝ լողորդին 23.08.2019
Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գավառ քաղաքի բնակիչ, լողորդ Գագիկ Գոզեյանին, ով օգոստոսի 20-ին 8 ժամ լողալով անցել էր Սևանա լճի մի ափից մյուսը՝ հաղթահարելով 7 կիլոմետր տարածություն: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը Գագիկ Գոզեյանը նվիրել էր 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Գագիկ Գոզեյանին հանձնվեց նաև դրամական պարգև և Ջերմուկի առողջարանային ուղեգիր: Վերջինիս ձեռքբերմանը օժանդակել է նորատուսցի գործարար Խաչիկ Կարապետյանը, աջակցել Գեղարքունիքի մարզպետարանը:

Ճամբարակում սուբվենցիոն ծրագրերի հաշվին հիմնանորորգվում է մի քանի փողոց 23.08.2019
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն ասֆալտապատվել է 1 փողոց եւ հրապարակ, իսկ ընթացքի մեջ են գտնվում ճանապարհների եւ մայթերի ասֆալտապատման աշխատանքները Պարույր Սեւակ, Գարեգին Նժդեհ եւ Գրիգոր Նարեկացի փողոցներում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են Նադարյան փողոցում եւ նրան հարակից հրապարակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիոն 799 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հուլիսի վերջերին եւ ավարտվել օգոստոսի 15-ի դրությամբ...