Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ծաղկունք» հյուրատանը կայացավ «Լավաշի միջազգային օր» միջոցառման կազմակերպական աշխատանքներին նվիրված հերթական քննարկումը

01.02.2020

Հունվարի 31-ին Ծաղկունք համայնքի համանուն հյուրատանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը եւ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը համատեղ քննարկեցին 2020 թվականի օգոստոսին Ծաղկունքում անցկացվելիք «Լավաշի միջազգային օր» միջոցառման կազմակերպչական աշխատանքերի հետ կապված հարցեր: Նախաձեռնող կողմի ներկայացմամբ՝ միջոցառման ծրագիրը գրեթե ավարտական փուլում է: Միջոցառմանը մասնակցելու հայտ կներկայացնեն արտասահմանյան ու տեղական կազմակերպություններ, մշակութային գործիչներ, զբոսաշրջիկներ, հյուրեր: Մինչ միջոցառման մեկնարկը անհրաժեշտ է համատեղ իրականացնել որոշակի նախապատրաստական աշխատանքներ:
«Բավականին հետաքրքիր ու բազմաբովանդակ ծրագիր է կազմվել, որտեղ իրենց մասնակցությունը կունենան տարբեր երկրների հացթուխները՝ ներկայացնելով իրենց երկրների հացաթխման մշակույթը: Միջոցառումը կանցնի երաժշտական ու պարային հայտնի խմբերի համերգներով, կինոդիտումներով, թատերական խմբերի ներկայացումներով, ցուցահանդեսներով, այլ ձեռնարկներով: Համոզված եմ, որ այս միջոցառումից հետո, որը դառնալու է ավանդական, ոչ միայն Ծաղկունքը, այլ նաեւ մարզի մյուս տարածաշրջանները տարեցտարի կունենան զբոսաշրջիկների նկատելի հոսք, կբացահայտեն իրենց տնտեսական, մշակութային ու տուրիստական գրավչությունները: Այս պահին մենք առաջնահերթ ենք համարում Գագարին-Ծաղկունք ավտոճանապարհի հիմնանորոգումը, որը մեր այցելուներին հնարավորություն կտա՝ ավելի կարճ ու բարվոք ճանապարհով հասնել միջոցառման վայր: Կարծում եմ, որ մարզպետարանի հետ համագործակցությամբ մենք այս եւ այլ կարգի հարցերում կհասնենք ցանկալի արդյունքի»,-նշեց «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ մինչ միջոցառման կազմակերպումը կլինեն համատեղ հերթական քննարկումներ, որոնց ընթացքում քայլ առ քայլ կկարգավորվեն առաջ քաշված հարցերը: «Հերթական համատեղ քննարկումը փաստում է, որ Գեղարքունիքի մարզպետարանը շահագրգռված է միջոցառման կազմակերպմամբ ու անցկացմամբ: Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի քանդված ճանապարհը ստանա բարեկարգ տեսք: Մնացած գործողությունները եւս կկատարվեն փոխհամաձայնեցված կարգով, որոնք կվերաբերեն մարզի երաժշտական ու պարային խմբերի ընտրությանը, արդյունաբերական ապրանքների ցուցադրությանն ու վաճառքին, ցուցահանդեսների բացմանը եւ այլ հարցերի»,-հավաստեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38