Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ սպանդանոցների կառուցման եւ շահագործման ընթացակարգերի հետ կապված հերթական քննարկումը

03.02.2020

Գեղարքունիքի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների, ֆերմերային տնտեսությունների, անանսաբույժների, մսի առքուվաճառքով զբաղվողների, սպանդանոցների կառուցմամբ ու շահագործմամբ հետաքրքրված ֆիզիկական անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը, որը վարեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Քննարկումը նվիրված էր հանրապետությունում 2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի անցնելու հետ կապված ընթացակարգային հարցերի պարզաբանմանը: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ սպանդանոցային մորթի անցնելու որոշման կատարումն այլընտրանք չունի, եւ շատ հստակ է, որ այս տարվա հուլիսի 2-ից պետք է իրականացվի կառավարության որոշումը: «Մինչեւ հուլիսի 1-ը մենք համատեղ պետք է այնպիսի լուծումներ գտնենք, որ բոլոր կողմերին այն բավարարի՝ սկսած անասնապահներից, անասունների առքուվաճառքով զբաղվողներից, բիզնես շահերով հետաքրքրվողներից եւ վերջացրած մսամթերք սպառող քաղաքացիներով: Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել մեր մարզում, երբ սպանդի են ենթարկվել ու վաճառվել տարբեր անասնահամաճարակներով հիվանդ անասուններ՝ վարակելով բազմաթիվ քաղաքացիների: Սպանդանոցային մորթի անցնելու որոշումն ընդունվել է, որպեսզի այս ոլորտում վիճակը լինի վերահսկելի, մարդկանց մատակարարվի միայն եւ միայն անվտանգ ու որակյալ մսամթերք: Այդ պատճառով էլ առաջիկա ժամանակահատվածը մենք պետք է խելամտորեն ու արդյունավետ օգտագործենք, համատեղ ու բանավիճային կարգով վեր հանենք բոլոր խնդիրները՝ իրատեսական որոշումներ կայացնելու նպատակով: Ընդ որում, այս հարցում պետք է համագործակցված աշխատեն շահագրգիռ բոլոր կառույցներն ու ֆիզիկական անձինք»,-հանդիպման մասնակիցներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Օրակարգային թեմայի շուրջ պարզաբանումներով ու ելույթներով հանդես եկավ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը. « Ես համոզված եմ, որ այստեղ հավաքվածները հիմնականում շահագրգռված են սպանդանոցային մորթի բիզնեսով զբաղվելու համար: Մենք պետք է համատեղ աշխատանքում անենք հնարավորը, որպեսզի կարգավորվեն բոլոր խնդիրները, իսկ այս գործընթացից շահեն բոլոր կողմերը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանդանոցների հիմնմամբ շահագրգռված անձանց թիվը սպասվածից շատ է, ինչը հուշում է սպասվող մրցակցության ծավալման մասին: Դրա համար հարկավոր է պետական մարմինների հետ աշխատել համագործակցված ու մշտապես՝ ձախողումներից ու անհարկի ծախսերից զերծ մնալու համար: Սպանդանոցային մորթի անցնելու եւ անասունների համարակալման խնդիրը լուծելուց հետո մենք այլեւս զերծ կմնանք այն բազմաթիվ անցանկալի երեւույթներից, որոնց պատճառով վտանգվում է մարդկանց առողջությունը, անասնահամաճարակների բռնկման դեպքերը հաճախակի են արձանագրվում»,-նշեց տեսչության պետը: Այնուհետ մարզպետը եւ տեսչության պետը պատասխանեցին հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվում էին սպանդանոցային մորթ իրականացնելու կարգին, սպանդանոցներ բացելու համար սահմանված չափորոշիչներին, ոլորտում իրականացվող հարկային քաղաքականությանը, շարժական սպանդանոցների գործունեության կարգին, սպանդանոցային մորթի ենթակա անասնագլխաքանակի տեղափոխման ու իրացման, վերահսկման, արտոնագրի տրամադրման հետ կապված խնդիրներին: Բոլոր հարցերին տալով համոզիչ պատասխաններ՝ բանախոսները հավաստիացրեցին, որ հետագա քննարկումները կշարունակվեն հաճախակի, իսկ մարզպետարանի եւ տեսչության պատասխանատուները հանդիպումներ կունենան տեղերում, կկատարեն համապատասխան ուսումնասիրություներ, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություններ: Հանդիպման ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները համատեղ այց կատարեցին Ճամբարակ համայնք՝ տեղում ուսումնասիրելու ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումները՝ սպանդանոցային մորթի իրականացման համար արտոնագիր տրամադրելու խնդրանքով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42