Նորություններ

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կուտակվել է շուրջ 72 հազար տոննա անասնակեր 02.08.2019
Գեղարքունիքի մարզում արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է անասնակերի բերքահավաքը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, օգոստոսի երկուսի դրությամբ, ըստ համայնքներից ստացված տեղեկատվության, մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է շուրջ 72 հազար տոննա անասնակեր, որը մոտ 25 հազար տոննայով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից: «Նախորդ տարվա համեմատ ցանովի խոտհարքերում ու ցածրադիր գոտիների խոտհարքերում նվազ բերքատվություն է ստացվել: Իհարկե, վիճակը գոհացուցիչ չէ, սակայն մտահոգիչ էլ չէ, քանի որ սպասելիքներ ունենք լեռնային մարգագետիններից, որտեղ առատ բուսածածկույթ կա: Բացի այդ, տնտեսությունները կարող են բացը լրացնել ծղոտի հաշվին: Անասնակերի բերքահավաքը մարզում կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջերը»,-ներկայացրեց գյուղատնտեսության բաժնի վարիչը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01.08.2019
Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց դեսպանին մարզ այցելելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ այն իր նպաստը կունենա հայ-ռուսական կապերի ամրապնդման , նոր համագործակցությունների ձևավորման և այլ հարցերում: Շնորհակալություն եմ հայտնում այն ծրագրերի համար, որոնք ՌԴ-ի կողմից իրականացվում են Գեղարքունիքի մարզի տարբեր ոլորտներում: Այս տարի Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհաշինական այնքան ծրագրեր, որքան որ իրականացվել է 2017 թվականին՝ ամբողջ հանրապետությունում:Անելիքները շատ են մարզում, սակայն մենք ունենք շինարարական կազմակերպությունների պակաս...

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում 01.08.2019
Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում: Քաղաքապետարանում մարզպետի տեղակալը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Այնուհետև Նարեկ Գրիգորյանն այցելեց Ճամբարակի առողջության կենտրոն, ծանոթացավ աշխատանքային պայմաններին և հնարավորությւոններին, զրուցեց բուժանձնակազմի և բուժում ստացող քաղաքացիների հետ:

Ամփոփվեցին 2019 թվականի ամառային զորակոչի արդյունքները 31.07.2019
Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի ընթացքում քննարկվեց 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքին և արդյունքներին վերաբերող հարցեր: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանի զեկուցմամբ` 2019 թվականի ամառային զորակոչն անցել է առանց խոչընդոտների, կատարվել և գերակատարվել է նախատեսված առաջադրանքը: Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց 2019 թվականի ամառային զորակոչին ներգրավված բոլոր կազմակերպությունների ղեկավարներին՝ զորակոչի ընթացքում արդյունավետ համագործակցելու և բարձր ցուցանիշ ապահովելու համար: Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեց նաև մարզային զինվորական կոմիսարիատից ներկայացված տարկետման ենթակա զորակոչային տարիքի երիտասարդների անձնական գործերը: «Զինվորական ծառայության կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի սահմաններում նրանց տրվեցին համապատասխան տարկետումներ:

Գեղարքունիքի մարզում ավարտվեց ամառային զորակոչը 30.07.2019
Հուլիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչն ավարտվել է պլանային առաջադրանքի կատարմամբ:Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, հուլիսի 29-ին նորակոչիկները Հայոց բանակ են մեկնել Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Մարտունու, Սեւանի, Ճամբարակի, Գավառի եւ Վարդենիսի բաժանմունքներից: Նրանց բանակ են ճանապարհել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները: « Մարզից նորակոչիկները բանակ են մեկնել բարձր տրամադրությամբ, տոնախմբություններով ու քեֆերով: Ի դեպ, այդ նույն տոնախմբություններն ու քեֆերը տեղի են ունեցել նաեւ մեր զորացրված զինվորներին ընդունելիս: Նորակոչիկներին ու նրանց ծնողներին ոգեւորել են Գեղարքունիքի մարզպետը, համայնքների ղեկավարները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, մարզային զինկոմն ու զինկոմիսարիատի աշխատակիցները: Ընդհանուր առմամբ, բարձր է հայրենիքին ծառայելու տրամադրվածությունը »,-ներկայացրեց Տիգրան Հակոբյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին 26.07.2019
Հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշպտան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկեցին հարցերի լայն շրջանակ՝ կապված հատուկ կարիքավոր երեխաների , հաշմադամների, ընտանեկան բռնության դեպքերի, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, կանանց կարողությունների զարգացման, սոցիալական ու այլ կարգի հիմնահարցերի կարգավորման հետ: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, հասարակական տարբեր կազմակերպությունների հետ, սակայն այդ համագործակցությանը պետք է հաղորդենք նոր թափ, որպեսզի կարողանանք ավելի սեղմ ժամկետներում լուծում տալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կուտակված հիմնախնդիրներին»,-նշեց Արման Թաթոյանը:Մարզպետ Գնել Սանոսյանն առանձնացրեց մարզի այն հիմնախնդիրները, որոնք հանգեցնում են մարդու իրավուների խախտման եւ համընդհանուր դժգոհությունների: