Նորություններ

Հիշում ենք և խոնարհվում 09.05.2020
Մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 75 և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձերի առթիվ, Գավառ քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ: Հուշարձանի մոտ հոգևոր հայրերը հնչեցրին տերունական աղոթք՝ ի հիշատակ հայրենիքի համար մարտնչած հերոսների: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Մեծ Հայրենականի և Շուշիի ազատագրաման պայքարում մարտնչած հերոսներին` մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջ ու երջանիկ կյանք: «Ես այսօր հայցում եմ Մեծ Հայրենականի և Շուշիի ազատագրման պայքարում կռիվ տված և հերոսացած քաջորդիների ներողամտությունը, քանզի երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված`մենք իրավունք չունեինք մեծ հավաքույթ կազմակերպել: Անընդհատ մեր պապերի, մեր հերոսների սխրանքները հիշելով...

Կհիմնանորոգվի Հայրավանք համայնքի Մայիսի 9-ի փողոցը 08.05.2020
Հայրավանք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի Մայիսի 9-ի փողոցի մի հատվածը՝ շուրջ 470 գծամետր երկարությամբ եւ 2350 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 21 միլիոն 58 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 635 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 423 հազար դրամը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Հայրավանք համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: Մայիսի 9-ի փողոցում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն առաջին անգամ: « Մայիսի 9-ի փողոցը խիտ է բնակեցված, ճանապարհը գրունտային է, երբևէ չասֆալտապատված: Այն ունի մեկ կիլոմետրից ավելի երկարություն, որի 470 մետրանոց հատվածը կասֆալտապատվի այս տարի, մնացածը՝ հաջորդ տարվա ընթացում: Այս ծրագրի իրականացման արդյունքում Հայրավանքում կունենանք շուրջ 70 տոկոս ասպալտապատված ճանապարհներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Պետական միջոցներով կհիմնանորոգվի Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածը 08.05.2020
Պետական միջոցների հաշվին այս տարվա ընթացքում հիմնանորոգվելու է Սեւան -Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7 կլիոմետրանոց հատվածը, որը սկսվում է Երանոս համայնքի տարածքից եւ ավարտվում Ծակքար գետի կամրջի մոտ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման համար պետական միջոցներից հատկացվել է 796 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Ծրագրով նախատեսվում է 2 կամրջի ամրացում, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում, որից վերին շերտի մակերսը կկազմի 32 հազար 729 քառակուսի մետր: Փոսային նորոգումներ կկատարվի 1350 քառակուսի մետր մակերեսով, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, որոշակի հատվածներում՝ մետաղական արգելապատնեշներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:

Լճաշեն համայնքի մանկապարտեզում այս տարի կբացվի չորրորդ խումբը 07.05.2020
Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզը մասնակի հիմնանորոգման կենթարկվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն 270 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 13 միլիոն 354 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 916 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ կամբողջանա մանկապարտեզի հիմնանորոգման գործընթացը, որն ընթանում էր վերջին տարիների ընթացքում, ու հաստատությունը կաշխատի ողջ ծանրաբեռնվածությամբ՝ 120 տեղով:

Պետական միջոցներով կշարունակվի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի հիմնանոնորոգումը 07.05.2020
Պետական միջոցներով այս տարի կշարունակվի եւ ավարտի կհասցվի Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման ծրագիրը, որի մի մասն իրականացվել է 2019 թվականի ընթացքում: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղեկացմամբ, Գանձակի ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 307 միլիոն 750 հազար դրամ, որից նախորդ տարում իրացվել է 119 միլիոն 749 հազար դրամը, իսկ մնացած գումարը կծախսվի այս տարվա ընթացքում: «Այս ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել Բաղրամյան փողոցը՝ 1823 գծամետր երկարությամբ: Եվս 257 գծամետր էլ այն շարունակվում է դեպի թիվ 2 դպրոց: Ասֆալտապատվող ճանապարհի ընդհանուր մակերեսը կազմում է 15 հազար 313 քառակուսի մետր, որից 3056 քառակուսի մետրը ասֆալտապատվել է նախորդ տարվա ընթացքում: Տեղադրվել է ջրահեռացման համակարգը 1401 գծամետր երկարությամբ, ամբողջ ճանապարհի խճային հիմքը եւ մայթերի եզրաքարերը: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվելու է երկու կամուրջ, մայթերի եզրաքարերի տեղադրում 1488 գծամետր երկարությամբ, մայթերի ասֆալտապատում՝ 2193 քառակուսի մետր մակերեսով:

Պետական միջոցներով կվերականգնվի Վարդենիս-Շողակաթ-Սեւան ճանապարհի փլվածքը 06.05.2020
Սեւան-Վարդենիս-Ծափաթաղ միջպետական ճանապարհի Ծափաթաղ բնակավայրի մի հատվածում Սեւանա լճի ջրերի հետեւանքով առաջացած փլվածքը կվերականգնվի պետական միջոցների հաշվին, այս տարվա ընթացքում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ողողվել ու քանդվել է ճանապարհի հիմքը 400 գծամետր երկարությամբ, փլվել է կողնակը եւ երթեւեկելի մասից որոշակի հատված: Այս ծրագրով նախատեսվում է հիմքի ամրացում եւ գաբիոնային շարվածք՝ շուրջ 3300 խորանարդ մետր ծավալով, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում 3500 քառակուսի մետր մակերեսով, արգելապատնեշի տեղադրում 345 գծամետր երկարությամբ եւ կահավորում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց քաղաքաշինության վարչության պետը: