Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտներում

16.09.2020

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը: Ինչպես ներկայացված է հուշագրի տեքստում, այն նպաստելու է հայ-ռուսական պատմամշակութային արժեքների պահպանությանն ու հանրահռչակմանը, կրթական ծրագրերի իրականացմանը:Հուշագրի ստորագրումից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ համագործակցությունը երկու կողմերի համար էլ սպասված էր ու կարեւոր: «Գեղարքունիքի մարզը բազմաթիվ ոլորտներում շատ ամուր կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Այնտեղ են ապրում եւ աշխատում մեր մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր գործուներություն են ծավալում պետական կառույցներում, շինարարության, արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, կրթամշակութային ու առողջապահական հիմնարկներում:Շատ կարեւոր է, որ մեր մարզում ավելի հանրահռչակվեն ռուսաց լեզուն ու մշակույթը, իրականացվեն կրթամշակութային բազմազան միջոցառումներ, որոնց մենք կաջակցենք բոլոր ուղղություններում:Մենք կարող ենք գրական-մշակութային արժեքները հանրահռչակել Գավառի պետական թատրոնի ուժերով՝ նպաստելով ռուս դրամատուրգների ստեղծագործությունների բեմականացմանը: Համագործակցության ծրագրերում կընդգրկվեն մարզի հանրակրթական ու արվեստի դպրոցները, մշակութային հաստատությունները, Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն ծավալած մեր հայրենակիցները: Կարծում եմ, որ հուշագրի բոլոր դրույթները շատ արագ ու արդյունավետորեն կյանքի կկոչվեն»,-նշեց Գնել Սանոսյանը:

«Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը նշեց, որ ինքը եւս հուշագիրը կյանքի կոչելու լավ հեռանկարներ է տեսնում, նույնիսկ գծված է ծրագրի առաջին լուրջ քայլերի քարտեզը: «Մենք մարզի 5 տարածաշրջաններում կազմակերպելու ենք ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Ոսւուցիչների կամ դասախոսների վարձատրությունը կհոգա մեր կազմակերպությունը:Ծրագրել ենք նաեւ ամեն տարի Գեղարքունիքի մարզում անցկացնել ռուս դասական գրողներին նվիրված մրցույթ-փառատոներ: Այս տարվա փառատոնը նվիրվելու է ականավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինին: Այն կայանալու է հոկտեմբերի կեսերին:Ռուսալեզու գեղարվեստական գրականությամբ կհարստացնենք մարզի դպրոցների գրադարանները: Այսօր գործընթացը սկսելու ենք Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցից: Այդ դպրոցը հատուկ ենք ընտրել՝ արժեւորելու համար այն դերը, որ խաղացել է մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանցը հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման, միջազգային խաղաղության ապահովման գործում»,-ներկայացրեց Վահրամ Կարապետյանը: Հուշագրի ստորագրումից հետո երկու կողմերի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Սամվել Քոչարյանցի հուշարձանին, ապա այցելեցին Գավառ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց եւ գրադարանին հանձնեցին ավելի քան 100 կտոր ռուսալեզու գեղարվեստական գրքեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55