Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Շողակաթ համայնքում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերով եւ տեղական միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին

11.09.2020


Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ համայնքում այցելեց Դրախտիկ, Շողակաթ, Արտանիշ եւ Ջիլ գյուղերի շինհրապարակներ, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընցաթքի մեջ կամ ավարտական փուլում են գտնվում շինարարական աշխատանքները: Համայնքում իրականացվող սուբվենցիոն վեց ծրագրերից այս պահի դրությամբ ավարտական փուլում է գտնվում Դրախտիկ, Աղբերք եւ Ջիլ գյուղերի խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի կառուցման ծրագիրը՝ 5500 գծամետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 40 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակների ընթացքում: Օգոստոս ամսից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել եւ ընթանում են Շողակաթի արեւային ֆոտովոլտային կայանի, Շողակաթի պուրակ-զբոսայգու, Աղբերքի համայնքային կենտրոնի, Դրախտիկ, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղերի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագրի իրականացման արդյունքում Շողակաթի բոլոր բնակավայրերում կգործարկվի 85 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան՝ համայնքի վարչական կառույցների էներգետիկ կարիքները բավարարելու համար:

Աղբերքի համայնքային կենտրոնի եւ շենքի տարածքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը:՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ եւ մոտենում են ավարտական փուլին: Շողակաթի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Լուսավորության ցանցը կառուցվում է Ծափաթաղի թիվ 1, Ջիլի թիվ 6 եւ 8, Շորժայի թիվ 5 եւ 10, Դրախտիկի թիվ 10, Աղբերքի թիվ 1 եւ 2, Արտանիշի թիվ 6 փողոցներում: Ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 5 կիլոմետր: Ծրագրի ավարտից հետո համայնքի բնակավայրերը լուսավորված կլինեն շուրջ 70 տոկոսի չափով:
Շողակաթի պուրակ-զբոսայգու կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են երկու շաբաթ առաջ եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Սեպտեմբերի երկրորդ կեսից կտրվի նաեւ Շողակաթի երեք փողոցների ասֆալտապատման ծրագիրը: Կասֆալտապատվի երեք փողոց՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 4384 քառակուսի մետր մակերեսով:
Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ համայնքում կենսական նշանակության մի շարք ծրագրեր են իրականացվել նաեւ տեղական միջոցների կամ այլ կազմակերպությունների տրամադրած միջոցների հաշվին: Տեղական միջոցների հաշվին կառուցվել, սահմանազատվել եւ լուսավորվել է դեպի եկեղեցի տանող ճանապարհը: 

«Դիակոնիա» հասարակական կազմակերպության միջոցներով զբաղվածության կենտրոն է հիմնվել Շողակաթում, իսկ  «Ավստրիական ռազմավարական զարգացման գործակալության» միջոցներով իրականացվել են արոտավայրերի բարելավման ծրագրեր: Աղբերքում կառուցվել են խմոցներ, մակաղատեղի եւ հովվի կացարան, բարեկարգվել դաշտամիջյան ճանապարհները, Ծափաթաղում կառուցվել է մակաղատեղի:
Այցի ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանը եղավ նաեւ Դրախտիկի եւ Արտանիշի միջնակարգ դպրոցներում՝ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ քննարկելով նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ու աշխատանքային այլ խնդիրներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03