Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում մեկնարկում է «Գետերի ափամերձ տարածքների պաշտպանության ծրագիր»-ը

17.09.2020

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի երրորդ տասնօրյակից ՀՀ կառավարության կողմից իրականացվող համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում մեկնարկում է «Գետերի ափամերձ տարածքների պաշտպանության ծրագիր»-ը, որն իր մեջ ներառում է գետերի ափամերձ տարածքներում ուռենու կտրոնների, առանձին ծառատեսակների տնկիների տնկման եւ աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ: Ծրագրի մեկնարկից առաջ, սեպտեմբերի 16-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ծրագիրն իրկանացնող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի և «Էյ Թի ՓԻ» կազմակերպության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետներին: Ինչպես ներկայացրեցին վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները, ծրագրի պատասխանատուներ Ալլա Բերբերյանը եւ Արթուր Հարությունյանը, նախատեսվում է Մաքենիս, Մարտունի եւ Արգիճի գետերի ափերում կատարել 50 հազար տնկիների եւ մինչեւ 500 հազար հատ ուռենու կտրոնների տնկում: Աշխատանքներում պետք է ներգրավվեն մինչեւ 450 աշխատողներ, ովքեր կվճարվեն կատարած աշխատանքի դիմաց սահմանված չափորոշիչներով: Միաժամանակ պետք է կենցաղային աղբի թափոններից մաքրվեն գետերի հուներն ու ափերը: Աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար նրանք խնդրեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ առանձին համայնքապետարանների աջակցությունը: «Ցանկալի է, որ աշխատանքներում մարդիկ ընդգրկվեն զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ներկայացված ցուցակներով: Կարեւոր է նաեւ, որ առաջին հերթին նախապատվությունը տրվի կորոնավիրուսից տուժած անձանց կամ ընտանիքներին: Այս ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերությամբ, միաժամանակ բնապահպանական կարեւոր նշանակություն է ձեռք բերում:
Ծրագրի առաջին փուլը, որն իրականացել է այս տարվա գարնանը, տվել է ցանկալի արդյունք. Մաքենիս եւ Արգիճի գետերի ափերում տնկված ուռենու մոտ 110 հազար կտրոններից, մեր դիտարկումներով, բավարար կպչողականություն են ապահովել դրանց ավելի քան 60 տոկոսը: Կտրոնների եւ տնկիների տունկը նախատեսում ենք իրականացնել սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Հուսով եմ, որ համայնքները բարեհաջող կներգրավվեն ծրագրերում: Նրանց հետ համատեղ մենք պետք է հոգանք տնկիների հետագա պահպանության եւ խնամքի մասին: Ծրագիրն ունի նաեւ կրթական բաղադրիչ, որով նախատեսվում է ուսուցում կազմակերպել մեր շահառուների հետ՝ նրանց տալով համապատասխան գիտելիքներ ու տեղեկատվություն»,-նշեց «Էյ Թի ՓԻ» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը:
ԳՀՄԸ-ի կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Ալլա Բերբերյանը հույս հայտնեց, որ գետերի ափամերձ տարածքները կենցաղային աղբի թափոններից մաքրելուց հետո համայնքապետարանների պատասխանատվությամբ կբացառվի կամ նվազագույնի կհասցվի դրանց հետագա աղտոտումը:

Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար Գեղարքունիքի մարզպետարանը կցուցաբերի պահանջվող աջակցությունը: Ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունը կցուցաբերեն նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը եւ «Սեւան ազգային պարկ»-ը: «Մենք պատրաստ ենք համատեղ աշխատելու, որպեսզի հնարավորինս արդյունավետ իրականացվի տնտեսական ու բնապահպանական նշանակության այս կարեւոր ծրագիրը: Համայնքների հետ եւս կաշխատենք համագործակցված, կկարգավորենք նախապատրաստական շրջանում ի հայտ եկած բոլոր խնդիրները»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55