Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը այցելեց և շնորհավորեց առաջին դասարանցիներին

14.09.2020

Սեպտեմբերի 14-ին, նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներ հաճախող բոլոր առաջին դասարանցիներին, հղելով նրանց իր բարեմաղթանքի խոսքերը։
Օրվա առթիվ մարզպետն այցելեց նաև Չկալովկայի միջնակարգ դպրոց:
Գնել Սանոսյանը ծանոթացավ այս ամռան ընթացքում դպրոցական շենքի առաջին հարկում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին:
Ինչպես ներկայացրեց Չկալովկայի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Միրաքյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Չկալովկայի համայնքապետարանի տրամադրած միջոցների հաշվին հիմնանորոգվել է առաջին հարկի միջանցքը, փոխվել են դասասենյակների դռները, կառուցվել է սանհանգույց:
ՄԱԿ-ի ,,Սնունդ,, ծրագրի շրջանակներում եւ գյուղապետարանի աջակցությամբ հիմնանորոգվել է նաեւ ճաշարանը: Դպրոցի հաջողությունների շարքում տնօրենը կարեւորեց աշակերտների թվի ավելացումը այս ուսումնական տարում: Նախորդ ուսումնական տարում դպրոցը տվել է 6 շրջանավարտ՝ այս տարի ընդունելով ինն առաջին դասարանցիների: Ըստ այդմ՝ այս ուսումնական տարում Չկալովկայի միջնակարգ դպրոց են հաճախում 59 աշակերտ:,,Նոր ուսումնական տարին սկսելու համար մեր դպրոցը լիովին պատրաստ է՝ աշխատելու արտակարգ իրավիճակով պայմանավորված այն կանոնակարգով, որը սահմանվել է օրենքով: Դրա համար ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Մեր բոլոր ուսուցիչները թեստավորված են, գտնվում են առողջ վիճակում,,-հավաստեց դպրոցի տնօրենը:
Գնել Սանոսյանը շնորհավորեց եւ քաջալերեց առաջին դասարանցիներին:
,,Սիրելի երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ առաջին դասարան հաճախելու կապակցությամբ: Դուք այն սերունդը եղաք, որն առաջին դասարան հաճախեց ոչ թե սեպտեմբերի 1-ին, ինչպես եղել է ավանդաբար, այլ՝ սեպտեմբերի 14-ին: Այս ամենն արվեց՝ ելնելով մարդկանց առողջության ապահովման անհրաժեշտությունից: Հուսով եմ, որ եկող սեպտեմբերի 1-ից ամեն ինչ կկարգավորվի, ու դուք կյանքում կհիշեք, որ ձեր առաջին ուսումնական տարին եղել է սեպտեմբերի 14-ին, արտակարգ դրության պայմաններում՝ տարբերվելով նախորդ ու հաջորդ ուսումնական տարիներից: Առաջին հերթին ցանկանում եմ, որ դուք լինեք առողջ, երկրորդ հերթին՝ կրթված ու դաստիարակված: Հաջողություններ եմ մաղթում ձեզ ուսման մեջ,,-առաջին դասարանցիներին դիմեց մարզպետը:

Գնել Սանոսյանն իր գոհունակությունը հայտնեց այցի արդյունքներից: ,,Այսօր Չկալովկայի դպրոց կատարած այցն ուներ երկու նպատակ՝ առաջինը՝ շնորհավորելու առաջին դասարանցիներին, եւ երկրորդը՝ տեսնելու եւ գնահատելու այստեղ իրականացված հիմնանորոգման աշխատանքները: Ուրախալի է, որ դպրոցը նոր ուսումնական տարին դիմավորում է նորոգված, կազմ ու պատրաստ վիճակում, արտակարգ դրության պայմաններում սահմանված կանոնակարգով ,,-ներկայացրեց մարզպետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59