Նորություններ

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը 06.04.2020
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն մեկնարկել են գարնանացանի աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ապրիլի 1-ի դրությամբ արդեն համայնքի բնակավայրերի ցածրադիր գոտիներում կատարվել է շուրջ 20 հեկտար գարու եւ բազմամյա խոտաբույսերի ցանք: «Համայնքապետարանը տեղերում հնարավորինս աջակցում ու խրախուսում է տնտեսություններին՝ իրենց սեփական հողամասերում ցանք կատարելու համար: Արդեն որոշակի շարժ ու աշխուժություն է նկատվում այս ուղղությամբ: Ծրագրել ենք այս տարի կրկնապատկել համայնքի ցանքատարածությունները: Համայնքի տարածքում այս տարի կցանվի շուրջ 100 հեկտար գարի, 100 հեկտար կարտոֆիլ, 20 հեկտար ոլոռ, 20 հեկտար հնդկաձավար, 10 հեկտար սիսեռ, 30 հեկտար առվույտ եւ կորնգան: Մոտ 200 հեկտար կազմում են բազմամյա խոտաբույսերի ցանքերը: 220 հեկտար էլ կազմում են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար: Կարծում եմ, որ գարնանացանը մեր համայնքում կավարտվի նախատեսված ժամկետներում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ ԱԺ-ն համակարգիչներ տրամադրեց մարզի բազմազավակ 42 ընտանիքի 03.04.2020
Արձագանքելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկին ` ՀՀ ԱԺ նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ապրիլի 3-ին ԱԺ-ի պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը ներկրվեց Գեղարքունիքի մարզ: Դրանք ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Նվիրաբերված համակարգիչները նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ տրամադրեն 4 և ավել դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: Բազմազավակ ընտանիքների ցանկը մարզպետարան է ներկայացվել օրերս ՝ հանրակրթական դպրոցների տնօրենության կողմից: Համակարգիչները բաշխեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցները, դրանք ստացան 36 հանրակրթական դպրոցների տնօրենները: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ` ՀՀ ԱԺ-ում նախատեսվել է առաջիկայում ևս...

Գեղարքունիքի մարզպետը հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին 02.04.2020
Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հարգանքի տուրք մատուցեց 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Մարզպետը ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքում տեղադրված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ծաղկեդրման արարողությանը նախորդեց մասնավոր հոգեհանգստյան կարգը, որը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Սարուխան համայնքի հոգևոր հովիվ տեր Ներսես քահանա Սահակյանը: Գեղարքունիքի մարզպետին ուղեկցում էին ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները, Գավառի քաղաքապետը, մարզպետարանի և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ: Արարողության մասնակիցները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում վառեցին հիշատակի մոմեր:

Կայացավ կորոնվիրուսի դեմ իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հերթական նիստը 01.04.2020
Ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հրավիրեց կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ, ՀՀ ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները: Աշխատանքային թիմի անդամները ներկայացրեցին իրենց համակարգման ոլորտներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ մանրամասներ: Զեկուցվեց, որ մարզում ընթացքի մեջ են գտնվում պարենի հավաքագրման և անապահով ընտանիքներին տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները, մարզի բոլոր համայնքների մուտքերի մոտ ՏԻՄ-երի ներկայացուցիչների կողմից իրականացվում են հսկողություններ՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժերի նկատմամբ: Նշվեց նաև, որ ապրիլի 1-ի դրությամբ արտերկրից և Երևան քաղաքից մարզ ժամանած 314 ինքնամեկուսացված քաղաքացիներից 14-ը դուրս են եկել ինքնամեկուսացումից և առողջական որևէ խնդիր չունեն, իսկ գրանցված մի քանի ջերմող հիվանդների մոտ վիրուսի հետ կապված որևէ ախտանշաններ չեն հայտնաբերվել:

Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր 01.04.2020
Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ, այսօր, ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սևան - Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները: Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2020
Հարգելի հայրենակիցներ: Թատրոնն արվեստի այն հիմնական ու կարեւոր ճյուղերից մեկն է, որն ուղեկցել է մարդկությանը հազարամյակների ընթացքում: Հայ թատրոնը, գործելով նաեւ Պոլսում և Թիֆլիսում, ազգապահպան դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում: Հպարտանալ կարելի է, որ Գեղարքունիքի մարզում եւս թատերական կյանքն ունեցել է հարուստ ավանդույթներ՝ գործելով մեկ դարից ավելի: Իսկ այսօր Գավառ քաղաքում մենք ունենք արդի չափորոշիներին համապատասխան թատրոնի շենք, որն առայժմ առաջինն ու միակն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Մեր և թատրոնի կոլեկտիվի ջանքերով այժմ մեզանում թատերական կյանքն ապրում է նկատելի աշխուժություն ու վերելք: Հավատացած եմ, որ Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնը, հենված իր ավանդների ու ձեռքբերումների վրա, իր ուրույն տեղը կունենա Հայաստանի Հանրապետության թատերական կյանքում: Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր դերասաններին, թատրոնի աշխատակիցներին, թատերական գործիչներին ու թատերասեր հասարակությանը՝ մաղթելով քաջ առողջություն և ստեղծագործական բարձունքներ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան