Նորություններ

Ծովագյուղում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ 13.08.2021
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջւանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ՝ 3200 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 22 հազար 690 քառակուսի մետր մակերեսով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 245 միլիոն 441 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 110 միլիոն 448 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 134 միլիոն 992 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։ «Նախատեսվում է ասֆալտապատել Ծովագյուղի ներհամայնքային 8-րդ փողոցի մի մասը, 13-րդ փողոցի առաջին նրբանցքը, 15-րդ փողոցը, 17-րդ փողոցի մի մասը եւ 2-րդ ու 3-րդ նրբանցքները, 18-րդ փողոցը, 19, 20, 22-րդ փողոցների մի մասը եւ 24-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մի հատվածը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է»,-ներկայացրին Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմից։

Վարժանքների անցկացում 12.08.2021
Ս/թ օգոստոսի 16-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Փամբակ, Դարանակ, Արեգունի և Գեղամասար բնակավայրերում։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել:

Գեղհովիտում ամբողջությամբ վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը 12.08.2021
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայատան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության կողմից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եղվարդշին» ընկերությունը։ Ծրագրի իրականացման ավարտի համար պայմանագրով սահմանված է 24 ամիս ժամկետ։ Ծրագրով նախատեսվում է 50 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցերի վերակառուցում, օրվա կարգավորիչ 4 ջրամբարների կառուցում, Գեղհովիտ եւ Լեռնահովիտ համայնքների բոլոր 1300 տնտեսություններում տնային միացումներ։...

Հրդեհ Ճամբարակ քաղաքում 12.08.2021
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ օգոստոսի 11-ին, ժամը 23։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին, ժամը՝ 00:10-ին, մարվել՝ 03:05-ին: Այրվել է երկհարկանի տունը (մոտ 150 քմ): Ճամբարակի համայնքապետարանի հաղորդած տվյալներով բնակարանը պատկանում է Ճամբարակ համայնքի բնակիչ Նվեր Վարդանյանին, ով բնակարանում ապրում էր տիկնոջ և չորս անչափահաս երեխաների հետ միասին: Այրվել է բնակարանի տանիքն ամբողջությամբ, առաստաղը, դռներն ու պատուհանները, տան ամբողջ գույքը: Համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը դեպքի վայրում ճշգրտում է հրդեհի պատճառները և վնասի չափերը:

Սիրելի՛ երիտասարդներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 1999 թ.-ից ի վեր նշում է որպես Երիտասարդության միջազգային օր՝ մեկ անգամ ևս կարևորելու ձեր առանձնահատուկ դերը պետությունների կայացման և առաջընթացի, հայրենի երկրի զարգացման գործում։ Ձեր երազանքներով ու ձգտումներով է պայմանավորված մեր երկրի վաղվա օրը, քանզի հենց երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու մեր մարզի կայուն զարգացման, հզորացման, ավելի բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականության ապահովումը: Դուք եք մեր երկրի ապագան կերտողները՝ վաղվա մտավորականները, քաղաքական ու պետական գործիչները, գիտնականները, բժիշկներն ու մանկավարժները, ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորողները։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ապրեք, արարեք և շենացրեք մեր հայրենիքը խաղաղ երկնքի ներքո: Ամենայն բարիք և երջանկություն եմ ցանկանում: Լավագույն ցանկություններով՝ Նարեկ Մանուկյան

Երանոսում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ 11.08.2021
Երանոս համայնքում արդեն 10 օր է, ինչ սկսվել եւ ընթանում են մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 725 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 20 միլիոն 126 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 24 միլիոն 599 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը։ Նախատեսված է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել 700 գծամետր երկարությամբ եւ 3500 քառակուսի մետր մակերեսով։ Օգոստոսի 10-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացվել է մոտ 90 տոկոսով։ Ավարտվել են հողային ու խճապատման աշխատանքները, տեղադրվել է ասֆալտբետոնյա շերտը։