Նորություններ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 03.09.2024
Տեղեկացվում է , որ շարժական մամոգրաֆն արդեն Վարդենիս քաղաքում է: Սեպտեմբերի 2-ից այն կգործի Վարդենիսի հիվանդանոցի տարածքում և 45-68 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։ Վարդենիս քաղաքի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք կարող են այցելել իրենց տարածաքային պոլկլինիկա կամ բուժամբուլատորիա՝ հերթագրվելու համար: Սկրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը կիրականացվի անվճար։ Մամոգրաֆը ըստ գրաֆիկի շրջելու է Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում։ Քաղաք և նրան հարակից բնակավայրեր Մամոգրաֆի տեղակայման ժամանակացույց․․․

Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսվա ընթացքում ծնվել է 153 երեխա 02.09.2024
2024 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 153 երեխա, որից 86-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ: 153 երեխաներից 20-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 89-ը՝ Մարտունու ծննդատանը, 35-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 8-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Անցկացվեց շախմատի 2024 թվականի ՀՀ Գեղարքունիքի մարզային առաջնություն 02.09.2024
2024 թվականի օգոստոսի 31-ին Գավառի շախմատի տանը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի շախմատի 2024 թվականի առաջնությունը: Այն նպատակ ուներ՝ նպաստելու համայնքներում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին և հանրապետական մրցումներին մարզի լավագույն շախմատիստների մասնակցության ապահովմանը: Մարզային առաջնությունն անցկացվեց մեկ փուլով, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում լավագույն արդյունքներ ցուցաբերած 28 շախմատիստներ: Մարզային առաջնության մասնակիցներից 4-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին։ Այն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Առաջնությունն անհատական էր: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 25 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2024
Սիրելի ուսանողներ, դասախոսներ, աշակերտներ և ուսուցիչներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Համոզված եմ, որ պետության կողմից կրթական համակարգում կատարվող բարեփոխումների, ամենօրյա շահագրգիռ աշխատանքի, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց կարևոր առաքելությունն իրականացնող մեր հարգարժան ուսուցիչների ու դասախոսների ջանքերի արդյունքում վաղվա հաջողություններն առավել քան իրական կլինեն: Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից զարգացած երկրների շարքում: Մաղթում եմ հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի։

ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի հերթական նիստում որոշում է կայացվել ստեղծել «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ։ Որոշման արդյունքում կբարեկարգվեն տարածքները, կտեղադրվի տոմսային տնտեսություն, կգործի պահակակետ, անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն էքսկուրսավարի, գիտաշխատողի ծառայություններ: Նշված տարածքների պահպանումն ու շահագործումն կիրականացվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին: Արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց տոմսերի վաճառքից ստացված եկամուտներից էլ կիրականացվի դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը։ ՀՀ կառավարություն

Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում տեղադրվել է մոդուլային բուժակմանկաբարձական կառույց 29.08.2024
Օգոստոսի 28-ին Վարդենիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Սոթք բնակավայր, որտեղ տեղադրվել է նոր մոդուլային բուժակմանկաբարձական կառույց։ ԲՄԿ-ի մոդուլային կառույցը Սոթք բնակավայրին է տրամադրվել ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցության արդյունքում։ Մարզպետը ծանոթացավ նոր կառույցի առկա պայմաններին և առաջարկեց Վարդենիս համայնքի ղեկավարին՝ սեղմ ժամկետում ԲՄԿ նոր կառույցը ապահովել բոլոր տեսակի ենթակառուցվածքներով, սահմանված կարգով լուծել հասցեավորման և օրինական գործունեություն իրականացնելուն ուղղված այն անհրաժեշտ հարցերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի այս աշնանը այն շահագործել։ Սոթքի մոդուլային ԲՄԿ-ի նոր կառույցն ունի 42 քմ տարածք, այն կսպասարկի 1475 քաղաքացու, որից 233-ը՝ 0-18 տարեկաններն են։