Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2024
Սիրելի մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, անսպառ եռանդ ու հաջողություններ մանկավարժի դժվարին ու պատասխանատու աշխատանքում։ Մենք մեր երախտագիտությունը հայտնում ու ձեզ մեծարում ենք թե այսօր, թե տարվա բոլոր օրերին, քանզի դուք եք հայոց դպրության ջահը վառ պահողները, սերունդներին ազգային ու համամարդկային արժեքներով դաստիարակողները։ Ձեզ հետ են կապված դպրոցական տարիների մեր թանկագին ու անմոռաց հուշերը, մեր մանկության ու պատանեկության ժամանակների լավագույն ակնթարթները։ Կառավարությունն այսօր անում է հնարավորը` շարունակվող բարեփոխումների միջոցով բարելավելու թե ձեր աշխատանքային, թե սոցիալական պայմանները, ապահովելու բարօր կյանք, ստեղծելու կրթական ամենաառողջ միջավայրը։ Հավատացած եմ, որ դուք միշտ կշարունակեք պատվով կրել ուսուցչի վեհ անունը, որ ամենայն սիրով ու նվիրումով կնախապատրաստեք այն սերնդին, որն իր գիտելիքներով ու արժեհամակարգով, ստեղծարար ուժով ու ունակություններով կհասնի նոր ու հզոր, ավելի ապահով ու զարգացած Հայաստանի կերտմանը։ Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում, որ ապրեք ու ստեղծագործեք խաղաղ երկնքի ներքո, սիրառատ միջավայրում։ Լավագույն ցանկություններով` ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի թիմը հրաձգության հանրապետական մրցումներում գրավել է 2-րդ տեղը 04.10.2024
Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների « Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև 2024 թվականի ապրիլի 5-ին անցկացված «Դիպուկ հրաձիգ» հրաձգության մարզային մրցումներում հաղթող Ճանաչված Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի թիմը հոկտեմբերի 2-ին ԵՊՀ-ի հրաձգարանում մասնակցեց մրցումների հանրապետական եզրափակիչ փուլին: Թիմի կազմում ընդգրկված էին 4 տղա և 4 աղջիկ․․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 512-Ա որոշմամբ՝ Մարիաննա Մուսոյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի տնօրենի պաշտոնում։ Հոկտեմբերի 1-ին նորանշանակ տնօրենին թանգարանի աշխատակազմին ներկայացրեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը։ Մարզպետի տեղակալը նախ շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Բյուրեղիկ Հովեյանին, իր երկարամյա անբասիր աշխատանքի համար ։ Այնուհետև Ջանիկ Բազեյանը շնորհավորեց նորանշանակ տնօրենին, մաղթելով նրան բեղմնավոր աշխատանքային գործունեություն։ Զրուցելով թանգարանի աշխատակազմի հետ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալը անդրադարձավ թանգարանի կարևորությանը, նրա հարուստ պատմությանն ու հավաքածուին, հույս հայտնելով, որ նոր ղեկավարությունը կլծվի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների արձանագրմանը։

Հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Հանդիպման սկզբում մարզպետը ներկայացրեց նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման նպատակը, ապա անդրադարձավ այդ խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների համար սահմանված լիազորություններին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումների կազմակերպման, նրանց շրջանում ի հայտ եկող հարցերի վերհանման, դրանց արձանագրման և տարբեր գերատեսչությունների միջոցով լուծում տալու տեսանկյունից։․․․

Գեղարքունիքի մարզում սեպտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 166 երեխա 01.10.2024
2024 թվականի սեպտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 166 երեխա, որից 90-ը՝ տղա, 76-ը՝ աղջիկ: 166 երեխաներից 29-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 95-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 13-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2024
«Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը, ու թեև հայ մարդն ավանդաբար առանձնահատուկ վերաբերմունք ու ընդգծված հարգանք է ցուցաբերել ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, սակայն խորհրդանշական օրը լրացուցիչ առիթ է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը։ Տարեց մարդիկ մեր երկրի մտավոր և հոգևոր ներուժն են, այն կենսափորձի հարստությունը, որը կուտակվել է պատմության ընթացքում, և մեր պետության շահերից է բխում հնարավորություն ստեղծել լավագույնս իրացնելու այդ կենսափորձը: Տարեցների համար լիարժեք և արժանավայել կյանք ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ՝ առողջության պահպանում, մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածության խթանում, մարդկային շփումներ, հասարակական ակտիվություն։ Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են: Սիրելի ավագ ընկերներ, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ մշտապես շրջապատված լինեք հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ»: