Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի մարզային փուլում

06.10.2026

 

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորման, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության հետագա բարելավման նպատակով անցկացվում են ռազմամարզական խաղեր։ Դրանք անցկացվում են 4 փուլով՝ ներդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական։ Ռազմամարզական խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանցիներից ձևավորված թիմերը։ Թիմերի կազմերում հանդես են գալիս 9-ական տղա մարզիկներ:

ՀՀ Գեղարքունիքի մարզում ռազմամարզական խաղերի ներդպրոցական փուլն անցկացվել է մինչ 2026 թվականի սեպտեմբերի 18-ը։ Այս փուլում ձևավորված դպրոցական թիմերը սեպտեմբերի 24-25-ը մասնակցել են համայնքային փուլին, որն անցկացվել է Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։
Համայնքային փուլում 1-ին տեղեր գրաված թիմերն իրավունք են ստացել՝ մասնակցելու մարզային փուլի մրցումներին, որն անցկացվել է հոկտեմբերի 2-ին՝ Գավառի Մ. Բունիաթյանի անվան Հ.8 միջնակարգ դպրոցի մարզադաշտում։
Մրցապայքարը տեղի է ունեցել ռազմամարզական խաղերի ծրագրով նախատեսված նռնակի նետում հեռավորության վրա, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, վազք 1000 մետր, հրաձգություն օդամղիչ հրացանով և ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում վարժաձևերից։
Ծավալված պայքարի արդյունքում հավաքած 1414 միավորով հաղթող է ճանաչվել Ճամբարակի ավագ դպրոցի թիմը։ 1015 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան Հ. 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը 750 միավորով՝ Գավառի ավագ դպրոցի թիմը։
Հաղթող թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են համապատասխան կարգի հավաստագրեր։

Մարզային փուլում հաղթած Ճամբարակի ավագ դպրոցի թիմը զինղեկ Նիկալ Ճաղարյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզը կներկայացնի հոկտեմբերի 15-18-ը կայանալիք ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 18:17:39