Նորություններ
Նոր ուսումնական տարին՝ հանրակրթության ոլորտի զարգացման նոր հեռանկարներով
26.08.2026
Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսի 26-ին օգոստոսյան խորհրդակցություն է անցկացվել Գեղարքունիքի մարզում՝ Նորատուսի Հ 1 միջնակարգ դպրոցում։
Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ ու վարչատնտեսական մասի համակարգողներ, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարներ։
Հանդիպմանը մասնակցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության ոլորտի պատասխանատուներ։ Այն անցկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Մինչ խորհրդակցության մեկնարկը տեղի է ունեցել կրթական էքսպո, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված «Ամենահետաքրքիր խմբակ», «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք», «Նորարարական դասի լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն», «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» ուղղություններով դպրոցականների կողմից պատրաստած նորարարական նախագծերին։ Դրանք ներկայացրել են Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ 2 միջնակարգ, Գավառի Հ 3 հիմնական, Գավառի Հ 5 հիմնական, Նորատուսի Հ 1 միջնակարգ, Սևանի Հ 1 հիմնական, Մարտունու Ս.Դարբինյանի անվան Հ 2 հիմնական, Լիճքի միջնակարգ, Ներքին Գետաշենի Հ 1 միջնակարգ, Վարդենիսի Հ 3 հիմնական և Դպրաբակի միջնակարգ դպրոցները։
ԿԳՄՍ նախարարի և մարզպետի տեղակալները նախարարության շնորհակալագրերով խրախուսել են ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից ««Տարվա լավագույնները» 2025-2026» մրցույթի արդյունքում ընտրված և հաղթող ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։
Խորհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանը խոսել է նոր ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպվող աշխատանքների մասին, որոնք հիմնականում բխում են կրթական նոր չափորոշչի պահանջներից, մանրամասնել ուսումնական տարվա ընթացքում կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող թեմաները, անդրադարձ կատարել նախորդ ուսումնական տարվա ընթացքում գրանցված առաջընթացին և ձեռքբերումներին, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում ներդրվող բարեփոխումներին, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին, ոլորտին առնչվող տարաբնույթ թեմաների։
Արաքսիա Սվաջյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։
Միաժամանակ խորհրդակցություն է կայացել նաև Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան Հ 2 միջնակարգ դպրոցում՝ տնօրենների տեղակալների, առարկայական մեթոդմիավորման նախագահների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեթոդիստների մասնակցությամբ։














