Նորություններ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
12.08.2026
Սիրելի՛ երիտասարդներ
Այսօր նշում ենք Երիտասարդների միջազգային օրը՝ ընդգծելով այն ուժը, գաղափարներն ու ներուժը, որոնք ձևավորում են մեր երկրի ապագան։
Երիտասարդությունը միայն տարիք չէ, այլ մտածողություն, համարձակություն և նոր գաղափարներ իրականացնելու պատրաստակամություն։ Ձեր ուժը ձեր բազմազանության և միասնական ներուժի մեջ է՝ անկախ նրանից՝ ապրում եք քաղաքում, թե գյուղում։
Դուք եք նրանք, ովքեր սովորում են, զբաղվում գիտությամբ, սկսում իրենց առաջին քայլերը աշխատաշուկայում, ստեղծում բիզնեսներ, զարգացնում գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ ու արհեստներ, ինչպես նաև ստեղծագործում մշակույթի, արվեստի և սպորտի ոլորտներում՝ ներկայացնելով Հայաստանը նաև միջազգային հարթակներում։
Հատուկ կարևոր է նաև այն, որ յուրաքանչյուր երիտասարդ՝ անկախ սոցիալական պայմաններից կամ հնարավորությունների սահմանափակումներից, պետք է ունենա հավասար հնարավորություն կրթվելու, աշխատելու, ստեղծելու և իր ներուժն իրացնելու։ Արդար հասարակությունը հենց դա է ենթադրում։
Մենք պետք է ոչ միայն խոսենք երիտասարդների մասին, այլև լսենք նրանց, ներգրավենք որոշումների կայացման գործընթացներում և ստեղծենք իրական մասնակցության պայմաններ։
Երկրի զարգացումը՝ լինի դա տնտեսություն, գիտություն, մշակույթ, թե համայնքային կյանք, անհնար է առանց երիտասարդների ակտիվ մասնակցության։
Սիրելի՛ երիտասարդներ,
Մի՛ վախեցեք մեծ նպատակներից և սխալվելուց։ Ձեր գաղափարները կարող են փոխել ձեր կյանքը, ձեր համայնքը և մեր երկիրը։
Հավատացե՛ք ձեր ուժերին և միմյանց։ Մեր ապագան միասին ստեղծվող ճանապարհ է։
Թող յուրաքանչյուր երիտասարդ ունենա իր երազանքն իրականացնելու հնարավորություն, իր ձայնը լսելի դարձնելու իրավունք և իր երկրի ապագան կերտելու վստահություն։
Շնորհավորում եմ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։
Հայաստանի ապագան մենք այսօր ենք կերտում միասին։


