Նորություններ
ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի կաթի արժեքը
18.06.2026
Հունիսի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հանդիպեց մարզի գյուղատնտեսության և անասնապահության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի անասնաբուծության ոլորտի ներկայացուցիչներ։
Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Նախարարի տեղակալը խոսեց ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի մասին, մասնավորապես անդրադառնալով անասնապահության, կաթի արտադրության սուբսիդավորման միջոցառման իրականացմանը։
Ինչպես ներկայացվեց, ֆերմերային կամ գյուղացիական տնտեսություններում կենդանիների գլխաքանակը ավելացնելու նպատակով, կառավարությունը ամեն գլուխ կովի համար նախատեսել է տրամադրել 15.000-ական դրամ ։
Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ կովերի համար (առավելագույնը 20 գլուխ)։
Կաթի գնի սուբսիդավորման ծրագրից օգտվելու նպատակով ցանկացողները էլեկտրոնային եղանակով դիմում պետք ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները։
Տաթևիկ Սարգսյանը նաև ընդգծեց, որ գործընթացը շահառուների համար առավելագույնս պարզեցված է, և մարզի ֆերմերներին հորդորեց ծրագրից օգտվելու նպատակով ցուցաբերել ակտիվ մասնակցություն։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին։












