Նորություններ
Անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն
18.06.2026
Սևանա լճի «Նոյ Լենդ» հանգստյան գոտու հարակից տարածքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը զբոսանավում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով։
Ըստ ուսումնավարժության սցենարի՝ զբոսանավում բռնկված հրդեհի հետևանքով եղել են տուժածներ, ինչպես նաև քաղաքացիներ, որոնք խուճապի հետևանքով հայտնվել են ջրում։ Ստեղծված պայմաններում իրականացվել են հրդեհաշիջման, ջրափրկարարական, որոնողափրկարարական և տուժածների տարհանման աշխատանքներ։
Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների, ՆԳՆ ոստիկանության ջրային պարեկային ծառայության, ինչպես նաև Գավառի և Սևանի բժշկական կենտրոնների աղետների բժշկության մեկական թիմեր։
Վարժանքի նպատակն էր կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները, բարձրացնել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցության արդյունավետությունը և ստուգել արտակարգ իրավիճակներում արագ ու համակարգված արձագանքման պատրաստվածությունը։









