Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խրախուսվեցին օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրները

18.05.2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2025-2026 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ միջոցառումն անցկացվել է Բյուրականի աստղադիտարանում․ ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, առարկայական օլիմպիադաների կազմակերպիչները և դիպլոմակիրները։
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցականներին գրանցած հաջողությունների համար՝ ընդգծելով՝ առարկայական օլիմպիադաներում հաջողությունները վկայում են դպրոցական ծրագրից դուրս գիտելիքը խորացնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ինքնազարգացման ձգտման մասին։
«Սա շատ խրախուսելի և ողջունելի ձգտում է. եթե այսօր այստեղ եք, նշանակում է՝ չեք բավարարվում այն պարտադիր նվազագույնով, որը նախատեսված է դպրոցական ծրագրում, և ուզում եք ավելին իմանալ»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այդ մոտեցումն է ձևավորում ապագայի հաջողությունները։
Նրա դիտարկմամբ՝ Բյուրականի աստղադիտարանում անցկացված հանդիպումը նաև հնարավորություն է դպրոցականների համար ծանոթանալու գիտական հետազոտություններով և աստղագիտությամբ զբաղվելու առանձնահատկություններին, որը կարող է նրանցից շատերի համար դառնալ ուղենշային՝ մասնագիտական կողմնորոշման կամ գիտությամբ զբաղվելու հետագա հետաքրքրությունները խրախուսելու առումով։
Գեղարքունիքի մարզից օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներ՝ Արծվանիստի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Գվիդոնյանը, Սարուխանի Հ․1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Աբել Խաչատրյանը և Ներքին Գետաշենի Հ․1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Թաթոյանը ևս մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը և պարգևատրվել նախարարի կողմից։
Վերջիններս օլիմպիադայի հանրապետական փուլում առաջին կարգի դիպլոմների էին արժանացել համապատասխանաբար աշխարհագրություն, պատմություն և հայ գրականություն առարկաներից։
Պարգևատրման արարողությունից հետո դպրոցականների համար կազմակերպվել է էքսկուրսիա Բյուրականի աստղադիտարանում և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-19 12:17:40