Նորություններ
Արդյունավետ կառավարման ճանապարհին՝ հետևողական աշխատանքով և հստակ առաջնահերթություններով
27.04.2026
Կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող ընթացիկ հարցեր, ամփոփվեցին կատարված աշխատանքները և նախանշվեցին առաջիկա քայլերը։
Քննարկման առանցքում էին կրթական ոլորտի զարգացման ծրագրերը՝ դպրոցաշինության ընթացքը, ինչպես նաև երաշխիքային ժամկետներում գտնվող շինարարական օբյեկտներում արձանագրված թերությունների վերացման աշխատանքները։
Անդրադարձ կատարվեց սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինական ծրագրերին, որոնք կարևոր նշանակություն ունեն բնակչության սոցիալական կայունության և կյանքի որակի բարձրացման տեսանկյունից։
Օրակարգում ընդգրկված էին նաև գարնանային ծառատունկի կազմակերպման, համապետական շաբաթօրյակի, ինչպես նաև 2025 թվականից տեղափոխված և 2026 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի իրականացման հարցերը։
Տրվեց հանձնարարական՝ օրենքով սահմանված կարգով համարժեք քայլեր ձեռնարկել համայնքներում նկատվող ապօրինի շինարարությունների կանխման ուղղությամբ։
Կատարվող հետևողական աշխատանքների նպատակը մեկն է՝ ձևավորել զարգացող, կարգավորված և բնակչի համար առավել բարեկեցիկ միջավայր ամբողջ մարզում։







