Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել են 2026 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները

23.04.2026


«Սպորտլանդիա» մարզական միջոցառումը նպատակ ունի դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման խթանմանը։
Այն անցկացվել է երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև:
Ներդպրոցական փուլն անցկացվել է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Այս փուլում կազմակերպվել են առանձին մրցումներ 1-6-րդ դասարանների աշակերտների միջև, ինչի արդյունքում ձևավորվել են դպրոցական թիմերը: Թիմի կազմում ընդգրկվել են 5 տղա և 5 աղջիկ։ 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում ընդգրկվել են խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում՝ երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկվել է խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը:
Մարտի 4-18-ը ընկած ժամանակահատվածում դպրոցական թիմերը մասնակցել են համայնքային փուլի մրցումներին, որտեղ ըստ տարիքային խմբերի 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք են ստացել մասնակցելու մարզային փուլի մրցումներին:
1-3-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են 2026 թվականի ապրիլի 21-ին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան Հ. 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում:
Ծավալված հետաքրքիր և համառ պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ. 1 հիմնական դպրոցի թիմը: Երրորդ հորիզոնականում` Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմն է:
4-6-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են ապրիլի 22-ին՝ Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան Հ. 1 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ տեղը զբաղեցրել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմին:
Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ:
Մայիսի 7-ին և 8-ին Վանաձորում կայանալիք սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներում Գեղարքունիքի մարզը 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում կներկայացնի Ծովազարդի, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան Հ. 1 հիմնական դպրոցների թիմերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-23 16:54:54