Նորություններ
Պետությունը կսուբսիդավորի գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերվող պարարտանյութերի արժեքը՝ մինչև 3000 դրամ յուրաքանչյուր պարկի համար
18.04.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի հերթական նիստում որոշում է կայացվել սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերվող պարարտանյութերի արժեքը՝ մինչև 3000 դրամ յուրաքանչյուր պարկի համար։
Ըստ որոշման՝պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես, հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումը:
Հաստատված որոշման համաձայն մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։
Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ (եթե 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գինը գերազանցում է 8000 դրամը)՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը:
Ծրագրի շրջանակում մատակարարների կողմից պետք է վաճառվեն հետևյալ պարարտանյութերը՝
1) ազոտական պարարտանյութ՝ ամոնիակային սելիտրա, կարբամիդ.
2) ֆոսֆորական պարարտանյութ՝ սուպերֆոսֆատ.
3) կալիումական պարարտանյութ՝ կալիումի քլորիդ.
4) համակցված պարարտանյութեր՝ ամոֆոս, նիտրոամոֆոսկա։
Շահառուները պարարտանյութեր կարող են ձեռք բերել միայն նախարարության կողմից հրապարակված մատակարարներից, որոնց ցանկը, մինչև մայիսի 12-ը ներառյալ կհրապարակվի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում։
Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մայիսի 20-ը ներառյալ պետք է դիմեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակները՝ ըստ տեսակների, ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ծրագրի շրջանակում վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվությունը կրում է մատակարարը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հղումը՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/46392/


