Նորություններ
Գեղարքունիքի մարզում ընդլայնվում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը
18.04.2026
Գեղարքունիքում շարունակաբար ընդլայնվում և արդյունավետորեն իրականացվում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը։
Ծրագրի շրջանակում մարզում արձանագրվել է կարևոր առաջընթաց․ Մարտունի համայնքը ամբողջությամբ անցել է նոր համակարգին, և ներկայումս աղբահանությունն այնտեղ իրականացվում է 856 աղբամանների միջոցով։
Ավելի վաղ ծրագրում արդեն ընդգրկված էին Սևան, Գավառ և Ճամբարակ համայնքները, որտեղ աղբահանության աշխատանքները կազմակերպվում են կանոնավոր և համակարգված կերպով։
Առաջիկա օրերին ծրագրին կմիանա նաև Վարդենիս համայնքը, որտեղ տեղադրվելու է 900 աղբարկղ։ Դրանով Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքը կընդգրկվի միասնական սպասարկման ցանցում։
Սա կարևոր քայլ է ոչ միայն համայնքային ծառայությունների բարելավման, այլև բնապահպանական լուրջ խնդրի լուծման ուղղությամբ։ Ժամանակակից թափոնների կառավարման համակարգը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը, ինչպես նաև բնակչության կյանքի որակի բարձրացմանը։ Միաժամանակ, այն կնպաստի նաև Սևանա լճի վրա վնասակար ազդեցությունների թուլացմանը և լճի էկոհամակարգի պահպանությանը։








