Նորություններ
Հարմարավետ ապագայի ճանապարհին՝ համակարգված և հետևողական քայլերով
13.04.2026
Կայացավ հերթական աշխատանքային քննարկումը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփվեցին ընթացիկ աշխատանքները և նախանշվեցին առաջիկա առաջնահերթությունները։
Քննարկման առանցքում էին սուբվենցիոն ծրագրերը՝ ուղղված համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը և բնակչության կենսապայմանների շարունակական բարելավմանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կրթական ոլորտին՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու արդիականացման ծրագրերին, նպատակ ունենալով ապահովել որակյալ և հասանելի կրթական միջավայր յուրաքանչյուր երեխայի համար։
Օրակարգում ընդգրկված էին նաև դպրոցների մարզադահլիճների և լաբորատոր հնարավորությունների բարելավման, կրթական հաստատություններ տանող ճանապարհների նորոգման ու ասֆալտապատման հարցերը, ինչը ևս կարևոր նախապայման է կրթության մատչելիության համար։
Քննարկվեցին նաև համայնքային կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից մինչև կոշտ կենցաղային թափոնների կառավարման ժամանակակից համակարգի ձևավորում։
Մարզպետ Կարեն Սարգսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ակտիվացնելու գյուղատնտեսական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկումը՝ ապահովելով դրանց լիարժեք կիրառումն ու հասանելիությունը համայնքների բնակիչների համար։
Կատարվող աշխատանքները մեկ նպատակի են ծառայում՝ ձևավորել ժամանակակից, զարգացող և հարմարավետ միջավայր, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կզգա փոփոխությունների իրական ազդեցությունը իր առօրյայում։





