Նորություններ
Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2026 թվականի սիրողական մրցաշարի մարզային փուլի մրցումները
09.04.2026
2026 թվականի ապրիլի 6-ին և 8-ին Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին իրավունք էին ստացել մասնակցելու մրցաշարի համայնքային փուլի մրցումներում 1-ին 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը:
Մրցումները անցկացվել են 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խումբում ընդգրկվել են 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:
Ապրիլի 6-ին մրցապայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբի թիմերը, որի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը։ Համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան Հ.2 և Շատջրեքի միջնակարգ դպրոցների թիմերը:
2-րդ տարիքային խմբում հաղթողի համար մրցապայքարի մեջ են մտել Գավառի և Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցների թիմերը: Արդյունքում Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Երկրորդ տեղը բաժին է հասել Գավառի ավագ դպրոցի թիմին, իսկ երրորդ տեղը՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմին։
Մրցանակային տեղեր գրաված դպրոցական թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գավաթներով և հավաստագրերով։
2026 թվականի մայիսի 2-3-ը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայանալիք՝ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի 1-ին տարիքային խմբում Գեղարքունիքի մարզը կներկայացնի Գագարինի միջնակարգ, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցների թիմերը։









