Նորություններ
Հաստատուն քայլերով դեպի հարմարավետ ու զարգացած միջավայր
31.03.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր, որոնք միտված են մարզի ենթակառուցվածքների բարելավմանը և բնակչության կյանքի պայմանների էական բարձրացմանը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցների և մանկապարտեզների կառուցման ծրագրերին՝ նպատակ ունենալով ապահովել, որ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա հաճախելու մանկապարտեզ և կրթությունից դուրս չմնա։
Քննարկվել են նաև դպրոցների մարզադահլիճների և լաբորատոր սենյակների վերանորոգման, անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով համալրման, ինչպես նաև կրթական հաստատություններ տանող ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման հարցերը։
Օրակարգում կարևոր տեղ են զբաղեցրել միասնական երթուղային ցանցի ներդրման ընթացքն ու կոշտ կենցաղային թափոնների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը՝ ուղղված համայնքների կազմակերպված և ժամանակակից սպասարկմանը։
Մարզպետը հանձնարարել է ակտիվացնել գյուղաջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքները՝ ապահովելու համար դրանց հասանելիությունն ու արդյունավետ կիրառումը համայնքներում։
Իրականացվող քայլերը միտված են մեկ ընդհանուր նպատակի՝ ստեղծել զարգացող, հարմարավետ և բարեկեցիկ միջավայր Գեղարքունիքի յուրաքանչյուր բնակչի համար։






