Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թատրոնի միջազգային օրը՝ Գեղարքունիքում

27.03.2026


Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում հանդիսավոր կերպով նշվեց Թատրոնի միջազգային օրը։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ մարզում անցկացվող «Թատերական երկամսյակ» մշակութային նախաձեռնության շրջանակում, մարտի 27-ին թատրոնում մեկտեղվել էին տոնական արարողությունն ու երկամսյակի հերթական ներկայացման բեմադրությունը։
Միջոցառմանը հրավիրված էին մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, կրթամշակութային և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։
Տոնի խորհրդին համահունչ՝ հյուրերը թատրոն մուտք գործեցին կարմիր գորգով, հնչեց Հայաստանի Հանրապետության և թատրոնի հիմնը։ Այնուհետև տեղի ունեցավ մրցանակաբաշխություն՝
«Տարվա լավագույն դերասան»
«Տարվա լավագույն դերասանուհի»
«Տարվա լավագույն 2-րդ պլանի դերասան»
«Տարվա լավագույն 2-րդ պլանի դերասանուհի»
«Տարվա լավագույն կերպար»
«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգերում։
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Երևանի «Էլ-Մար» նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտի կողմից։
Թատերարվեստի բնագավառում ունեցած ավանդի և Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրերով խրախուսվեցին Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանական անձնակազմի անդամները։ Ընթերցվեց ՀՀ ԿԳՄՍԵ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, շնորհակալագրեր և հատուկ մրցանակներ հանձնվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Էլ-Մար» ինստիտուտի կողմից, իսկ «Սպիտակ կամավորական ռազմահայրենասիրական միություն» հասարակական կազմակերպության կողմից հանձնվեցին անվանական կրծքանշաններ։
Մարզում թատերական կյանքի զարգացման, թատրոնի գործունեությանը մշտապես աջակցելու նպատակով Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրինության կողմից պատվոգիր շնորհվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին։
Միջոցառման ավարտին բեմադրվեց Հայկ Հակոբյանի «Չմոտենա՛ք ինձ, տիկի՛ն» մեկ գործողությամբ տրագիկոմեդիան։ Ներկայացման բեմադրող ռեժիսոր՝ Արմեն Դալլաքյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 21:00:53