Նորություններ
«Երկրի ժամ»
26.03.2026
2026 թվականին «Երկրի ժամը» կնշի իր 20-ամյա հոբելյանը։ Ամբողջ աշխարհում միջոցառումը կանցկացվի մարտի 28-ին՝ ժամը 20:30–21:30-ը։
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) 2007 թվականին հիմք դրեց «Երկրի ժամ» բնապահպանական շարժմանը, որի նպատակն էր շենքերի և հանրային տարածքների ոչ հիմնարար արտաքին լուսավորությունը մեկ ժամով անջատելու միջոցով արտահայտել Երկիր մոլորակի հանդեպ կոլեկտիվ հանձնառություն: Շարժումը կարճ ժամանակում տարածվեց աշխարհով մեկ, և այսօր «Երկրի ժամը» դարձել է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը, որին ամեն տարի մասնակցում են ավելի քան 190 երկիր և 7 000 քաղաք՝ կառավարություններ, քաղաքապետարաններ, կազմակերպություններ և միլիոնավոր քաղաքացիներ:
2008 թվականից ի վեր շարժման անբաժան մասն է կազմում նաև Հայաստանը՝ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ:
Ուստի Բնության համաշխարհային հիմնադրամը սիրով կոչ է անում շարունակել բազմամյա ավանդույթն ու մարտի 28-ին՝ ժամը 20:30–21:30-ին, միանալ այս միջազգային շարժմանը՝ մեկ ժամով անջատելով լույսերը:


