Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի 2026 թվականի մրցաշարի համայնքային փուլի մրցումները
17.03.2026
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը նպատակ ունի դպրոցականների շրջանում մասսայականացնելու սեղանի թենիս մարզաձևը, նպաստել դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովմանը։
Սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվում է համայնքային, մարզային և եզրափակիչ փուլերով և 2 տարիքային խմբով, որտեղ 1-ին տարիքային խմբում ընդգրկված են 5-9-րդ, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները։ Յուրաքանչյուր տարիքային խմբում թիմի կազմում ընդգրկված են 2 տղա և 2 աղջիկ։
Գեղարքունիքի մարզում մարզական խաղերի համայնքային փուլին հայտագրվել են 60 հանրակրթական դպրոցների 88 թիմեր։
Մարտի 11-ին Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան Հ․ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում պայքարի մեջ են մտել Մարտունու համայնքային փուլին 1-ին տարիքային խմբում հայտագրված թիմերը։ Հետաքրքիր մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Մարտունու Ս. Դարբինյանի անվան Հ․ 2 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան Հ․ 1 հիմնական և Ծակքարի միջնակարգ դպրոցների թիմերը։
Մարտի 12-ին հանդիպել են 2-րդ տարիքային խմբի թիմերը։ Այստեղ ուժեղագույնը ճանաչվել է Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականում Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմն է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մարտունու ավագ դպրոցի թիմը։
Սևանի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են մարտի 13-ին՝ Սևանի Ն․ Դագարյանի անվան մարզադպրոցի դահլիճում։ 1-ին տարիքային խմբում առաջատարը՝ Գագարինի միջնակարգ դպրոցի թիմն է։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Մրցանակային եռյակը եզրափակել է Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը։
Մարտի 14-ին մրցապայքարի մեջ են մտել 2-րդ տարիքային խմբին հայտագրված թիմերը։ Համառ պայքարի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սևանի Խ․ Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը երկրորդն է։ Երրորդ հորիզոնականը բաժին է հասել Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմին։
Ճամբարակի համայնքային փուլը մեկնարկել է մարտի 14-ին՝ Ճամբարակի ավագ դպրոցի մարզադահլիճում, որտեղ մրցապայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբի թիմերը։
Արդյունքում հաղթող է ճանաչվել Աղբերքի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում Ճամբարակի Հ․ 4 միջնակարգ դպրոցի թիմն է, երրորդում՝ Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան Հ․ 2 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի է ունեցել մարտի 15-ին, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել Ճամբարակի ավագ դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Աղբերքի միջնակարգ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։
Առաջիկա օրերին մրցումներ կանցկացվեն նաև մարզի մնացած համայնքներում, որոնց ընթացքում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերն իրենց համայնքը կներկայացնեն մարզային փուլի մրցումներում։









