Նորություններ
Հայտնի են Գեղարքունիքի մարզի պատանիների շախմատի 2026 թվականի մարզային առաջնության հաղթողները
10.03.2026
Դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացման, արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների բարելավման, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ անցկացվել է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն՝ համայնքային և մարզային փուլերով:
Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2026 թվականի փետրվարի 18-24-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում:
Փետրվարի 28-ին և մարտի 7-ին Գավառի Պապին Ղանդիլյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցում կայացել է առաջնության մարզային փուլը, որին մասնակցել են համայնքային փուլի արդյունքում ձևավորված թիմերը՝ շուրջ 80 պատանի շախմատիստներ:
Թիմերն, ըստ տարիքային խմբերի, ձևավորվել են հետևյալ համամասնությամբ՝ մինչև 8 տարեկան՝ 1 տղա, մինչև 10 տարեկաններ՝ 3 տղա, մինչև 12 տարեկաններ՝ 4 տղա, մինչև 14 տարեկաններ՝ 2 տղա, մինչև 16 տարեկաններ՝ 2 տղա: Ընդ որում՝ մինչ 10 տարեկան պատանիների մրցաշարում մասնակցության իրավունք են ունեցել առնվազն 3-րդ կարգ ունեցող, մինչ 12, 14 և 16 տարեկան պատանիների մրցաշարում՝ առնվազն 2-րդ կարգ ունեցող շախմատիստները։
Առաջնությունն անցկացվել է ՖԻԴԵ-ի կանոնակարգի դասական շախմատի կանոնների համաձայն, անհատական կարգով։ Խաղացողին մեկ խաղափուլում յուրաքանչյուր քայլի համար տրվել է լրացուցիչ 5 վրկ:
Մարզային փուլում մինչև 8 և 16 տարեկանների տարիքային խմբերում մրցումներն անցկացվել են շրջանաձև մրցակարգով, իսկ մինչև 10, 12 և 14 տարեկանների տարիքային խմբերում` շվեյցարական մրցակարգով:
Մինչև 8 տարեկանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Արտյոմ Սարգսյանը (Ճամբարակ), 2-րդ հորիզոնականը՝ Ռոբ Անտոնյանը (Մարտունի), իսկ 3-րդ հորիզոնականը` Դավիթ Սարիբեկյանը (Մարտունի):
Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում ուժեղագույնն է Նարեկ Եղոյանը (Վարդենիկ), 2-րդ տեղում էր Նարեկ Մանուկյանը (Վարդենիկ), իսկ 3-րդ մրցանակային տեղում՝ Ալեքս Մխիթարյանը (Վարդենիս):
Մինչև 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավել է Բաբկեն Մանուկյանը (Գավառ), 2-րդ տեղը՝ Ալեն Գրիգորյանը (Վարդենիկ), իսկ 3-րդ մրցանակային տեղը՝ Լևոն Զախարյանը (Մարտունի): Այս տարիքային խմբում հաջորդ փուլի մասնակցության իրավունք է ստացել նաև Գևորգ Դադոյանը (Գավառ)։
Մինչև 14 տարեկանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Վաչե Ավդալյանը (Սարուխան), 2-րդ տեղը գրավել է Սերգեյ Սահակյանը (Ճամբարակ), 3-րդ տեղը՝ Արամ Խաչատրյանը (Մարտունի):
Մինչև 16 տարեկանների տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Տիգրան Սարիբեկյանը (Մարտունի), 2-րդ տեղը՝ Լևոն Վարդանյանը (Սևան), 3-րդ մրցանակային տեղը՝ Արմեն Ղանադյանը (Ճամբարակ):
Առաջնության մրցանակակիրներին Գեղարքունիքի մարզպետի անունից հանձնվել են հավաստագրեր:
Մրցաշարի արդյունքում ձևավորվել է մարզի հավաքական թիմը, որը Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին կներկայացնի Գեղարքունիքի մարզը:






