Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզում մեկնարկել են ՀՀ Վարչապետի հովանու ներքո 2026 թվականին անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

02.03.2026


«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը նպատակ ունեն դպրոցականների շրջանում մասսայականացնելու բասկետբոլ մարզաձևը, երեխաների շրջանում մրցակցություն, փոխգործակցություն դաստիարակելու, նպաստելու դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը։
Բասկետբոլի լիգան անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։ Այն անցկացվելու է 2 տարիքային խմբով ՝ 1-ին տարիքային խմբում ընդգրկված են 5-6-րդ, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։: Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ պետք է գտնվեն 3 տղա, 2 աղջիկ կամ 2 տղա, 3 աղջիկ։ Յուրաքանչյուր խաղին թիմի կազմում կարող են հայտագրվել 9 աշակերտ։
Գեղարքունիքի մարզում մարզական խաղերի համայնքային փուլին հայտագրվել են 54 հանրակրթական դպրոցների 77 թիմեր։ Փետրվարի 26-ին Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում պայքարի մեջ են մտել Մարտունու համայնքային փուլին 1-ին տարիքային խմբում հայտագրված թիմերը։ Հետաքրքիր մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Ծակքարի միջնակարգ և Մարտունու Ս. Դարբինյանի անվան Հ․ 2 հիմնական դպրոցների թիմերը։
Փետրվարի 27-ին հանդիպել են 2-րդ տարիքային խմբի թիմերը։ Այստեղ ուժեղագույնը Մարտունու Ս. Դարբինյանի անվան Հ․ 2 հիմնական դպրոցի թիմն է։ Երկրորդ հորիզոնականում Ծակքարի միջնակարգ, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը։
Փետրվարի 28-ին մրցաշարը է անցկացվել Ճամբարակի ավագ դպրոցի մարզադահլիճում, որտեղ առաջին տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Ճամբարակի Հ․ 1 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում Ճամբարակի Հ․ 4 միջնակարգ դպրոցի թիմն է, երրորդում՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։
2-րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Վահանի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Ճամբարակի Հ․ 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։
Առաջիկա օրերին մրցումներ կանցկացվեն նաև Գեղարքունիքի մարզի մնացած համայնքներում, որոնց ընթացքում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված թիմերը իրենց համայնքը կներկայացնեն մարզային փուլի մրցումներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-02 14:20:20