Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մամուլի ասուլիսը

12.02.2026

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կայացավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին հանրապետական ու տեղական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հանդիպման սկզբում մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձավ ֆինանսական, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտներում 2025 թվականին արձանագրված ձեռքբերումներին։
Կարեն Սարգսյանի ներկայացմամբ՝ 2025 թվականին Գեղարքունիքի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզում գործել է 328 շինհրապարակ՝ շուրջ 43 միլիարդ դրամի կապիտալ ներդրումների հաշվին, որի արդյունքում հիմնանորոգվել կամ միջին նորոգման է ենթարկվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության 128 կիլոմետր ճանապարարհ, 84․069 գծամետր խմելու ջրագիծ , 50025 գծամետր ոռոգման ցանց, 50․768 գծամետր լուսավորության ցանց և 4954 գծամետր գազատար։ Ասֆալտապատվել և սալիկապատվել է է 6500 գծամետր համայնքային նշանակության փողոցներ ու մայթեր, այդ թվում՝ 9079 ք/մ շենքերի բակեր, սալարկվել է 6958 ք/մ համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։ Հիմնանորոգվել են 8 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ՝ 5581 ք/մ ընդհանուր մակերեսով, տեղադրվել է շատրվանային համակարգ, կառուցվել է մեկ հանդիսության սրահ, ինչպես նաև վերանորոգվել է մեկ մշակութային կենտրոն և համայնքային նշանակության շենք։ Մի քանի տասնակի հասնող ծրագրեր էլ մնում են ժամկետների մեջ՝ տեղափոխվելով 2026 թվական։

Դպրոցաշինության ոլորտում իրականացվել է 67 ծրագիր՝ կառուցման կամ վերանորոգման տեսքով։
ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում այս պահին կառուցվում են Երանոսի թիվ 2, Ծովինարի, Ներքին Գետաշենի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2, Շատջրեքի միջնակարգ, Գավառի թիվ 5 Ճամբարակի թիվ 1, Լեռնակերտի հիմնական դպրոցները։
Հիմնանորոգվող կամ վերանորոգվող 11 դպրոցներից Վաղաշենի միջնակարգ դպրոցում ավարտվել են շինարարական աշխատանքները, իսկ Կարմիրգյուղի թիվ 2, Վարդաձորի, Ձորագյուղի, Ծովագյուղի, Ծակքարի, Սարուխանի թիվ 2, Նորատուսի թիվ 1, Ակունքի, Կարճաղբյուրի միջնակարգ և Գավառի թիվ 4 հիմնական դպրոցներում աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
Կրթահամալիրներ են կառուցվում Փ․ Մասրիկ, Մադինա, Թթուջուր, Արփունք, Մարտունի, Շատվան, Կախակն, Արեգունի, Մաքենիս, Դպրաբակ բնակավայրերում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզի 22 հանրակրթական դպրոցներին տրամադրվող լաբորատոր սարքավորումները պատշաճ պայմաններում տեղակայելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ նախատեսվել և այս պահին իրականացման փուլում են 20 դպրոցների լաբորատոր սենյակների վերանորոգման, արդիականացման աշխատանքները:
Մարզադահլիճների վերանորոգման աշխատանքներ են ընթանում Ճամբարակի թիվ 2, Վարդենիկի թիվ 1, Վարդենիսի թիվ 4 հիմնական, Սևանի թիվ 6, Գանձակի թիվ 1 և թիվ 2, Գավառի թիվ 8, և Լճափի միջնակարգ դպրոցներում։
Ջեռուցման լոկալ համակարգով ապահովման աշխատանքներ են իրականացվում Այգուտի, Զովաբերի, Նորաշենի, Նորատուսի թիվ 2, Ծափաթաղի, Նորատուսի թիվ 3, Շողակաթի միջնակարգ, Սևանի թիվ 2 հիմնական դպրոցներում:

«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ՀՀ Գեղարքունիքի մարզից ընդգրկված են 47 հաստատություններ, սակայն մեր կողմից իրականացվելիք աշխատանքների արդյունքում դրանք կարող են հասնել 58-ի, մասնավորապես՝ 30 մանկապարտեզ, 21 դպրոցահեն նախակրթարան և 7 նախակրթարան-կրթահամալիր։

Այսպիսով, 30 մանկապարտեզներից 11-ում շինարարական աշխատանքներն ավարտվել են, համապատասխան գույքով համալրվել և շահագործման են հանձնվել։ Դրանք են՝ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի, Աստղաձորի, Ծովասարի, Զոլաքարի, Ծովինարի, Երանոսի, Վարդենիկի թիվ 1, Ձորագյուղի, Սարուխանի թիվ 1, Գավառի թիվ 7 , Ճամբարակի թիվ 3 մսուր մանկապարտեզները։
Ավարտական փուլում են Բերդկունքի և Գեղամասարի մանկապարտեզի շինարարությունները, ընթացքի մեջ են Խաչաղբյուրի և Արծվանիստի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրում ընդգրկված է 8 մանկապարտեզ։ 2026 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով շինարարական աշխատանքների իրականացման ծրագրում ընդգրկված են Մարտունի քաղաքի թիվ 4, Կարմիրգյուղի, Սևանի թիվ 3 և Ծովագյուղի մանկապարտեզները։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է նաև Ձորագյուղի մանկապարտեզի մեկ մասնաշենքի վերանորոգում, որի մյուս մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականին՝ սուբվենցիոն ծրագրով։
Նախատեսվում է նոր մանկապարտեզների կառուցում Սևան համայնքի Գագարին, Վարդենիս համայնքի Սոթք և Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրերում։
Ինչ վերաբերում է ուսուցիչների ատեստավորմանը, ապա այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում ատեստավորված է ուսուցիչների ընդհանուր թվի շուրջ 25 տոկոսը։
Առողջապահության ոլորտում առաջընթացը պայմանավորված է Լճափի բուժամբուլատորիայի կառուցման աշխատանքների ավարտով և Ծակքարի, Վաղաշենի ու Վարդենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնների նոր շենքերի կառուցման մեկնարկով, մի շարք բուժհաստատությունների տեխնիկական վերազինմամբ։
Գյուղատնտեսական ոլորտում էլ առաջընթացը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների, «Խելացի» անասնագոմերի կառուցմամբ, տոհմային կենդանիների ձեռքբերմամբ, գյուղոլորտում պետական աջակցության բազմաթիվ ծրագրերի ներդրմամբ, «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի ներդրման շնորհիվ աշնանացան ցորենի ցանքերի ավելացմամբ՝ 2024 թվականի համեմատ կազմելով շուրջ 3500 հեկտար։
2025 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում որոշակի ձեռքբերումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում։
Ինչպես հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում 2025 թվականին մարզում հավաստագրված սերմերով 2215.6 հեկտար գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա կերային մշակաբույսերով ցանք կատարած 336 շահառուներին, որպես սուբսիդիա, հատկացվել է շուրջ 166 միլիոն 108 հազար 610 դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համատարած մոնիթորինգի աշխատանքների համար՝ 4 միլիոն 980 հազար 280 դրամ: Մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է ընտրանքային մոնիթորինգ՝ 368.3 հեկտարի վրա:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում սուբսիդավորվում է նաև աշնանացան ցորենի՝ բացառապես հավաստագրված սերմերով ցանքերը՝ 1 հեկտարի հաշվով 80000 դրամի չափով: 2025 թվականին 2026 թվականի բերքի համար մարզում իրականացվել է 13329.4 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 3035.3 հեկտարով։ «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում 2025 թվականի աշնանը կատարվել է 8370.8 հեկտար աշնանացան:

«ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում ձեռք է բերվել 128 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 45 միավոր տրակտոր և 1 միավոր կոմբայն: Լիզինգի գումարը կազմել է շուրջ 575 միլիոն դրամ։ Ծրագրի մեկնարկից տրամադրված լիզինգի համար նույն ժամանակահատվածում սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 68.2 միլիոն դրամ։

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում հաստատվել է Սևան համայնքի Գագարին բնակավայրի 1 շահառուի հայտ՝ շուրջ 673 միլիոն դրամի չափով։
«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակում Խաչաղբյուր գյուղում ներգրավվել է 2 վարկ՝ 14․5 միլիոն դրամի չափով , Գանձակ համայնքում՝ 10 միլիոն դրամի վարկ։

«Մեղվաբուծության զարգացման փորձնական» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 203 մեղվափեթակ (մեղվաընտանիքներով) և փոխհատուցվել է ընդհանուր 8 միլիոն 120 հազար դրամ գումար։

«Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի» շրջանակում Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում գործունեություն ծավալող 1 իրավաբանական անձի կողմից ձեռք են բերվել 267 գլուխ տոհմային ոչխարներ, որի դիմաց փոխհատուցվել է 60 միլիոն 75 հազար դրամ գումար, իսկ Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում գործունեություն ծավալող ԱՁ-ի կողմից ձեռք են բերվել 30 գլուխ տոհմային ոչխարներ, որի դիմաց փոխհատուցվել է 3 միլիոն 325 հազար դրամ գումար։

«Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակում մարզի Սևան համայնքի Գեղամավան, Ծաղկունք, Չկալովկա, Զովաբեր, Լճաշեն, Սեմյոնովկա, Ծովագյուղ, Սևան բնակավայրերում 1 ընկերության կողմից իրականացվել է 395 գլուխ կովերի արհեստական սերմնավորման միջոցառումներ, Կառավարության կողմից տրամադրված գումարը կազմում է 3 միլիոն 950 հազար դրամ:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է ապահովագրական 4 պայմանագիր՝ 5 հեկտար տարածքի համար: Ապահովագրվել են կարտոֆիլ և հացահատիկ մշակաբույսերը՝ համապատասխանաբար կարկուտ և երաշտ ռիսկերից։

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրի» շրջանակում կնքվել է 1 պայմանագիր Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում՝ 5-30 հեկտար հողերի միավորման նպատակով։

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրի» շրջանակում փոխհատուցման բաղադրիչով կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ» 1 պայմանագիր՝ Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում 95-100 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված «Խելացի» անասնաշենքի կառուցման նպատակով։

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի» շրջանակներում մարզի համայնքներում համարակալվել են 21393 գլուխ խոշոր և 121897 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ:
Նշված գլխաքանակների համարակալման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրված գումարը կազմում է 37 միլիոն 812 հազար 480 դրամ:
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի» շրջանակում մարզի համայնքներում պատվաստվել են 857866 գլուխ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ: Նշված գլխաքանակի պատվաստման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրված գումարը կազմում է 112 միլիոն 925 հազար 680 դրամ:
«Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կազմակերպություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով 8940 հեկտար վարելահողերում կատարված մշտադիտարկման արդյունքների հիման վրա մարզին տրամադրվել է թունանյութ՝ նշված վնասատուի դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Նշված ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորումը կազմել է 2 միլիոն 741 հազար 360 դրամ:
Գեղարքունիքի մարզի աղբավայրերի փակման գործընթացների շուրջ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ այդ հարցը գտնվում է մարզային ու համայնքային իշխանությունների առաջնահերթ անելիքների ցանկում, և որ արվելու է հնարավորը, որպեսզի նախկին աղբավայրերը, որոնք ընդգրկում են ոչ քիչ տարածքներ, բնապահպանական որևէ խնդիր չառաջացնեն։

«Դուք գիտեք, որ 2025 թվականի ընթացքում արդեն Սևան, Գավառ և Ճամբարակ համայնքներում կուտակված աղբը միանգամից տեղափոխվում է Հրազդանի սանիտարական աղբավայր։ Առաջիկայում այս կարևոր ծրագրին միանալու են նաև Մարտունի և Վարդենիս համայնքները, որի արդյունքում փակվելու են նաև այս երկու համայնքների կենտրոնական աղբավայրերը։ Բոլոր աղբավայրերի փակումը մենք դիտարկում ենք որպես «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի մաս, որը քայլ առ քայլ իրականացնում ենք համայնքների հետ համագործակցությամբ։

Արդեն երկու տարի է, ինչ մեր նախաձեռնությամբ և համայնքների ու շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությամբ կենտրոնական աղբավայրեր է տեղափոխվում նաև շինարարական աղբը, որը ծառայելու է որպես կենցաղային կոշտ թափոնների ծածկման հուսալի միջոց։ Համայնքների կողմից կձեռնարկվեն նաև այլ միջոցներ, որպեսզի հիմնովին փակվեն բոլոր փոքր ու մեծ աղբավայրերը՝ այլեւս չառաջացնելով բնապահպանական որևէ հիմնախնդիր»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների ընդհանուր թիվը 2025-2026 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզում կազմում է 640, որոնցից 47-ը սովորում են ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներում։ Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների թիվը նվազել է 35-ով։
2024 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական 14 ուսումնական հաստատություններ են գործուղվել 20 ուսուցիչ։ Բացի այդ, մեկ անձ նշանակվել է Շողակաթի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 14 անձ աշխատանքի են ընդունվել մարզի հանրակրթական հաստատություններում այլ հաստիքներով։
Բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզ տեղափոխված բնակչության թիվը 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 2834 մարդ, 856 ընտանիք։

Այնուհետ Կարեն Սարգսյանը պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի պահպանության, նախկինում գործող աղբավայրերի փակման գործընթացների, Գեղարքունիքի մարզի միջազգային համագործակցության ու օտարերկրյա ներդրումային ծրագրերի, զբոսաշրջության զարգացման, սահմանամերձ համայնքներում հողերի և ջրային պաշարների անվտանգ օգտագործման, Վարդենիսի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, Գավառի պետթատրոնի գործունեության, Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքների հետ կապված խնդիրներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-13 17:25:08