Նորություններ
Գավառը՝ հայ-ռումինական համագործակցության նոր հարթակ
06.02.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Գավառ քաղաքում Ռումինիայի Հանրապետության պատվո հյուպատոսության գրասենյակի բացման հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկին, ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Սոնա Ղազարյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների, գործարար, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ։
Մարզպետը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը՝ որպես միջազգային համագործակցության և փոխվստահության ամրապնդման հարթակ՝ ընդգծելով, որ Գեղարքունիքի մարզի պատմության մեջ առաջին անգամ է գործում նման դիվանագիտական կառույց։
Կարեն Սարգսյանը նշել է, որ Գավառում Ռումինիայի Պատվո հյուպատոսության գործունեությունը կնպաստի հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, նոր կապերի ստեղծմանը և համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մակարդակում՝ ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի իրականացման միջոցով։
Մարզպետը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի Պատվո հյուպատոս Արման Անդրիկյանին՝ մաղթելով արդյունավետ և հաջող գործունեություն՝ ի նպաստ հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման։























