Նորություններ
Գագարին բնակավայրը՝ Հայաստանի արհեստական բանականության քարտեզի վրա․ 60 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում
19.01.2026
Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործարկվել է նոր սերնդի արհեստական բանականության տվյալների կենտրոն, որը կարևոր քայլ է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին։
Կենտրոնը ստեղծվել է Eleveight AI ընկերության կողմից, որի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենն է Արման Ալեքսանյանը, իսկ բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենը՝ Դավիթ Առաքելյանը։
Դատակենտրոնը հագեցած է ամենաարդիական NVIDIA Blackwell B300 սերնդի գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ GPU-ները բարձր արտադրողականությամբ հաշվարկային քարտեր են, որոնք նախատեսված են արհեստական բանականության մոդելների ուսուցման, գեներատիվ ԱԲ-ի, բարդ վերլուծությունների և մեծածավալ տվյալների մշակման համար։ Դրանք այսօր համարվում են ԱԲ ոլորտի «շարժիչ ուժը»։
Կենտրոնում տեղակայված է 512 GPU քարտ, որոնց ընդհանուր էներգետիկ հզորությունը հասնում է 1,2 մեգավատի։ Սա հնարավորություն է տալիս իրականացնել համաշխարհային մակարդակի հաշվարկային աշխատանքներ՝ ապահովելով կայունություն, արագություն և շարունակական ծանրաբեռնվածություն։
Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում, իսկ այս պահին կենտրոնում աշխատում է 15 մասնագետ, որոնց թիվը առաջիկայում նախատեսվում է ավելացնել։ Դատակենտրոնը կառուցվել է էներգաարդյունավետ մոտեցումներով՝ ներառելով նաև վերականգնվող էներգիայի կիրառման լուծումներ։
Նախագիծը ոչ միայն տեխնոլոգիական, այլև ռազմավարական նշանակություն ունի․ այն նպաստում է Հայաստանում սուվերեն հաշվարկային հզորությունների ձևավորմանը, տեղական ԱԲ ենթակառուցվածքների զարգացմանը և երկրի դիրքերի ամրապնդմանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզում։
Գագարինում բացված դատակենտրոնը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանը վստահ քայլերով շարժվում է դեպի բարձր տեխնոլոգիաների ապագա՝ ստեղծելով հնարավորություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների համար։


