Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կայացել է Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի ներդրման վերաբերյալ սեմինար-քննարկում
14.01.2026
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/ HACCP) համակարգի ներդրման վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության վարչության պետ Գոհար Վարդանյանը, տեսչական մարմնի պատասխանատու աշխատողներ, տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սպարտակ Մելքոնյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրեններ, համայնքապետարանների և հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել և սեմինարը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ով ողջունել է ներկաներին և արդյունավետ ընթացք մաղթել Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի ներդրմանը Գեղարքունիքի մարզում։
Այնուհետև ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության վարչության պետ Գոհար Վարդանյանը ներկայացրել է հանրային սննդի հաստատությունների համար սննդամթերքի անվտանգության պարտադիր պահանջները, վտանգների գնահատման մեխանիզմները, հսկման կրիտիկական կետերի որոշման սկզբունքները, դրանց արդյունավետ կիրառման լավագույն փորձերը, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեթոդները և վերահսկողության գործընթացների կատարելագործման ուղիները։
Նա նշել է, որ Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի ներդրումը արտադրություններում և հանրային սննդի օբյեկտներում անհրաժեշտ է՝ սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և սննդամթերքի արտադրության ողջ շղթան կենսաբանական, քիմիական և ֆիզիկական վտանգներից պաշտպանելու համար:
«ՎՎՀԿԿ/HACCP համակարգի առկայությունը պարտադիր է սննդամթերք արտադրող (արտադրություններ, հանրային սննդի օբյեկտներ) բոլոր ընկերությունների համար, իսկ դրա սկզբունքների պահպանումը արտադրվող սննդամթերքը դարձնում է մարդու կյանքի և առողջության համար անվտանգ:
ՎՎՀԿԿ/HACCP կարևորագույն յոթ սկզբունքներն են՝ Վտանգի աղբյուրների վերլուծությունը, հսկման կրիտիկական կետերի հատկորոշումը, կրիտիկական սահմանների որոշումը, մշտադիտարկման համակարգի մշակումը, ուղղիչ գործողությունների սահմանումը, վերստուգումը և փաստաթղթավորման համակարգի ստեղծումը»,-ներկայացրել է բանախոսը:
Հանդիպման ավարտին ՍԱՏՄ ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։













