Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
31.12.2025
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցնող տարին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ խաղաղության օրակարգի ձևավորած հնարավորությունները կարող են վերածվել իրական արդյունքների, երբ դրանք ուղեկցվում են հետևողական աշխատանքով, հստակ ծրագրերով և պատասխանատու մոտեցմամբ։ Հենց այդ պայմաններում Գեղարքունիքի մարզում իրականացված նախաձեռնությունները հնարավորություն տվեցին ոչ միայն պահպանել զարգացման տեմպը, այլև բազմապատկել արձանագրված ձեռքբերումները։
2025 թվականը մեր մարզի համար նշանավորվեց համայնքների զարգացմանը, սոցիալական պայմանների բարելավմանը և ենթակառուցվածքների արդիականացմանը միտված բազմաբնույթ ծրագրերով։ Տարվա ընթացքում իրականացվեցին թե՛ ընթացիկ, թե՛ երկարաժամկետ ծրագրեր, որոնք նպաստեցին մարզի համաչափ զարգացմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։
Կրթության և նախադպրոցական ոլորտը շարունակեց մնալ մեր առաջնահերթություններից մեկը։ Տարվա ընթացքում մարզի տասնյակ դպրոցներում իրականացվեցին շինարարական, վերանորոգման և արդիականացման աշխատանքներ, կառուցվեցին և շահագործման հանձնվեցին նոր ուսումնական հաստատություններ, ստեղծվեցին ժամանակակից լաբորատոր և մարզական պայմաններ։ Նախադպրոցական ոլորտում ևս կառուցվեցին նոր մանկապարտեզներ՝ ապահովելով փոքրիկների համար անվտանգ և որակյալ կրթական միջավայր։
Առողջապահության ոլորտում քայլեր ձեռնարկվեցին առաջնային բուժօգնության համակարգի բարելավման ուղղությամբ․ վերանորոգվեցին և արդիականացվեցին բուժամբուլատորիաներ, բժշկական կենտրոնները համալրվեցին ժամանակակից սարքավորումներով, իսկ առաջիկա տարվա համար արդեն ծրագրավորված են նոր վերանորոգումներ ու վերազինումներ։
Մարզում իրականացվեցին լայնածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ․ ասֆալտապատվեցին և սալիկապատվեցին փողոցներ ու մայթեր, վերանորոգվեցին բազմաբնակարան շենքերի մուտքեր և տանիքներ, կառուցվեցին խմելու ջրի, արտաքին լուսավորության և գազատարի նոր ցանցեր։ Միաժամանակ վերակառուցվեցին մշակութային, վարչական և համայնքային նշանակության շենքեր՝ ապահովելով առավել հարմար և անվտանգ միջավայր։
Գյուղատնտեսության զարգացման և ոռոգման համակարգերի բարելավման արդյունքում ընդլայնվեց ոռոգվող հողատարածքների ծավալը, խթանվեց գյուղական տնտեսությունների տնտեսական ակտիվությունը և ստեղծվեցին նոր աշխատատեղեր։
2025 թվականին շարունակվեցին նաև Սևանա լճի պահպանության, շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային համակարգերի սպասարկման աշխատանքները։ Մաքրվեցին գետերի հուներ ու սելավատարներ, իրականացվեցին լճի ափամերձ տարածքների բարեկարգման ծրագրեր, և կարևոր քայլեր ձեռնարկվեցին էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ։
Երիտասարդության, սպորտի և մշակույթի ոլորտներում արձանագրվեց նկատելի ակտիվություն․ կառուցվեցին մարզահրապարակներ, մեր մարզիկները բարձր արդյունքներ գրանցեցին հանրապետական և միջազգային մրցաշարերում, իսկ մշակութային կյանքը դարձավ ավելի աշխույժ և ներգրավող։
Տարվա ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց նաև համայնքների տեխնիկական հագեցմանը և ծառայությունների արդյունավետ կազմակերպմանը՝ նոր տեխնիկայի, աղբահանության և թափոնների տեսակավորման համակարգերի ներդրմամբ։
Ամփոփելով՝ կարող ենք վստահաբար ասել, որ 2025 թվականը Գեղարքունիքի մարզում դարձավ իրականացված աշխատանքների հստակ արդյունքների տարի։ Յուրաքանչյուր ծրագիր ուղղված էր մարդկանց առօրյայի իրական փոփոխությանը և մարզի կայուն զարգացմանը։
Ամանորի այս խորհրդանշական պահին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով, նվիրվածությամբ և պատասխանատվությամբ նպաստել են մեր մարզի զարգացմանը։
Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ մեր համայնքներին ու յուրաքանչյուր ընտանիքի։
Թող գալիք տարին լինի շարունակական առաջընթացի, համախմբված աշխատանքի և նոր ձեռքբերումների տարի։


