Նորություններ
Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստն անցավ հագեցած օրակարգով
30.12.2025
Դեկտեմբերի 30-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, կրթական և առողջապահական հաստատությունների տնօրեներ ու մարզի ուժային կառույցների և համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարներ։
Մարզխորհրդի նիստում քննարկվեց 8 հարց, որոնց շուրջ զեկուցումներով հանդես եկան Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը և քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը։
Զեկուցողները ներկայացրին Գավառի պետական համալսարանում մագիստրոսական նոր կրթական ծրագրի և համալսարանի իրականացրած միջազգային ակադեմիական ծրագրերի, Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում իրականացված տարեկան աշխատանքային հաշվետվության, 2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի և ՀՀ պետական բյուջեից ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների, Գեղարքունիք մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության կողմից 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հետ կապված հարցերը։
Նիստի աշխատանքներն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նա նշեց, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ի արդյունքներով մարզի կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է 106 տոկոս, կամ պլանավորված 3 միլիարդ 797 միլիոն 837 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 4 միլիարդ 12 միլիոն 25,8 հազար դրամ։ ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզին 37 ծրագրերով հատկացվել է 21 միլիարդ 220 միլիոն 771,2 հազար դրամ, որից այս պահի դրությամբ փաստացի ծախսվել է 20 միլիարդ 912 միլիոն 664,4 հազար դրամ, կամ կատարողականը կազմում է 98,5 տոկոս։
ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների վճարումը ամբողջությամբ կատարվել է։
2025 թվականին հատկացված ֆինանսական համահարթեցման դոտացիան 2024 թվականի նկատմամբ աճել է 1 միլիարդ 400 միլիոն 287 հազար դրամով, որը կազմում է համայնքների սեփական եկամուտների 37 տոկոսը։
«Այս աննախադեպ, գոհացուցիչ արդյունքներին մենք հասել ենք հետևողական ու համագործակցված աշխատանքի շնորհիվ՝ հիմնականում լուծելով տարեսկզբին մեր առջև դրված խնդիրները, ինչի համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Եկող տարում ևս մեզ սպասում է բավականին լարված, պատասխանատու, հավակնոտ ծրագրերով լի աշխատանքային տարի, ուստի բոլորս պետք է բազմապատկենք մեր եռանդն ու ջանքերը՝ մեր առջև դրված խնդիրները կատարելու ու արդեն ձեռնարկված հայրենաշինությունն առաջ մղելու համար։ Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, խաղաղ հայրենիք, երջանկություն ու ձեռքբերումներ աշխատանքում ու անձնական կյանքում»,-նիստը եզրափակեց մարզպետ Կարեն Սարգսյանը։


