Նորություններ
Ճամբարակում տեղի է ունեցել «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացման արարողությունը
16.12.2025
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի հետ Ճամբարակում մասնակցել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացմանը:
Միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ ներկաներին ցուցադրելով, թե ինչպես է պետք օգտվել մարզասարքերից և մարզվել բակային պայմաններում:
Որոշ մարզասարքեր նաև հարմարեցված են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, մասնավորապես՝ շարժասայլակով տեղաշարժվողների համար:
Հիշեցնենք՝ Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ նպատակ ունենալով նպաստել հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Նպատակը վորքաութով զբաղվելու մշակույթի ինտեգրումն է համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Նախատեսվում է նաև Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նշված համայնքի դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2 մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց` վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։












