Նորություններ
Անցկացվեց հրդեհների կանխարգելմանն ու կամավորական շարժման խթանմանը նվիրված ուսուցողական դասընթաց
14.11.2025
Նոյեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի դահլիճում անցկացվեց հրդեհների կանխարգելմանն ու կամավորական շարժման խթանմանը նվիրված ուսուցողական դասընթաց։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել հրդեհների կանխարգելման արդյունավետությունը, կատարել ռիսկերի գնահատում, ուժեղացնել արագ արձագանքման կարողությունները։
Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների վարչական ղեկավարներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնից։
Դասընթացի ընթացքում ընդգծվեց համայնքների մասնակցության կարևորությունը հրդեհների կանխարգելման և մարող գործողությունների մեջ։ Հատկապես կարևորվեց կամավորականների պատրաստվածության բարձրացումը, որպեսզի արտակարգ իրավիճակներում նրանք կարողանան գործել արագ, համակարգված և արդյունավետ՝ մինչ մասնագիտացված փրկարարական ստորաբաժանումների ժամանումը։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակելու է ընդլայնել նման դասընթացների աշխարհագրությունը, բարձրացնել մասնագիտական պատրաստվածությունը և խթանել համայնքային ներգրավվածությունը՝ որպես հրդեհների կանխարգելման և կամավորական շարժման կայուն զարգացման կարևոր ուղղություն։








